Հայերեն   English   Русский  

Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվեց ԵՊՀ հուշամեդալով


  
դիտումներ: 1027

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվել է ԵՊՀ հուշամեդալով:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ համալսարան էր եկել ոչ թե որպես սովորող, այլ որպես մարզիկ, ում շնորհակալություն հայտնեցին հաղթանակով վերադառնալու համար: Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվության վարչությունից:

«Արսենն առաջին կուրսից աչքի է ընկել իր ուսումնատենչությամբ: Մարզումներն ու մրցումները, ինչ խոսք, դժվարին ու ծանր են եղել, սակայն նա բարեխղճորեն մասնակցել է բոլոր դասերին և քննություններին միշտ պատրաստ ներկայացել: Հիշում եմ՝ Եվրոպայի առաջնությունում հաղթած Արսենը եկավ քննություն հանձնելու, ես ասացի, որ իր ամենամեծ քննությունն արդեն հանձնել է, իսկ նա պնդեց և գերազանց պատասխանեց հարցատոմսի բոլոր հարցերին»,- չեմպիոնի հետ հանդիպման ընթացքում նշել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

Արսեն Ջուլֆալակյանը մեկ անգամ արդեն հասցրել է ԵՊՀ ոսկե մեդալով պարգեւատրվել 2009-ին, երբ նա նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ այս անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց հուշամեդալ, որը սովորաբար շնորհվում է ակնառու հաջողությունների հասած անհատներն: Նա ԵՊՀ-ում առաջին սովորողն է, ով ստացավ այդ մեդալը:

«Ես հպարտ եմ որպես ռեկտոր, որպես մանկավարժ, որպես հայ մարդ, որ մենք Արսենի նման երիտասարդ ունենք: Աշխարհում ձևավորված թյուր կարծիք կա, որ հատկապես սպորտի բնագավառում հաջողության հասած մարդիկ բավարարվում են միայն դրանով և իրենց ունակություններն այնքան են ուղղում սպորտին, որ այլեւս բան չի մնում ստեղծագործական այլ բարձունքների հասնելու համար: Արսենն այն եզակիներից է, ով գալիս է հերքելու այդ տեսակետը: Նա իր կամքի շնորհիվ է հասել հաջողությունների և՛ կրթության, և՛ սպորտի բնագավառներում՝ ոչ մեկից ոչինչ չխնդրելով»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

«Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մարդիկ, որոնց հետ ես անցել եմ իմ ուղին, նրանք այդ ամենի վկան են: Այսօր կրկնակի ուրախ եմ, որ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում եմ պարգև ստանում: Վստահեցնում եմ, որ այս պարգևներն ինձ համար նույնքան կարևոր են, որքան սպորտայինները: Թեպետ դրանք իրարից շատ տարբեր ոլորտներ են, բայց երկուսում էլ հաջողության են հասնում աշխատասիրության և կամքի շնորհիվ»,- շնորհակալություն հայտնելով ստացած պարգևի համար՝ ասել է Արսեն Ջուլֆալակյանը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: