Հայերեն   English   Русский  

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին


  
դիտումներ: 5169

Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ պատահարներից ու հիվանդություններից

անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության. որովայնի խոռոչում և կրծքավանդակում վիրահատություն էի կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը` հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է, ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է` ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը, և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի ծայրահեղ իրավիճակներում կարողանանք լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական հոսպիտալներում կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո վիրավոր վիճակում մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին` ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները պլաստիկ վիրահատության դիմում են նաև լոշտակության կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները, ճաղատության հարցերով: Շատ են կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել, որ գումար աշխատի, ինչի հետևանքով «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում, ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով, ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: