Հայերեն   English   Русский  

Այլալեզու կրթությունը անընդունելի է. Դավիթ Գասպարյան


  
դիտումներ: 1334

«Ռուսաստանը մնում է մեր միակ դաշնակիցը . Հայաստանը մի կաթիլ է մահմեդական օվկիանոսում։ Սակայն այստեղ են ռուսական կայազորը և ռուսական զենքը։ Պետք է աղոթել, որ մեր երկրի և Ռուսաստանի շահերը համընկել են։ Իսկ թե ինչ են ասում առանձին անհատներ, այնքան էլ կարևոր չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը ՝ անդրադառնալով ռուս հասարակական գործիչների հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ։

Խոսքը վերաբերում է Նիկոլայ Ռիժկովի այն հայտարարությանը, թե պետք է ռուսական դպրոցները Հայաստանում շատացնել,։ Նշենք, որ նույն անձնավորությունը խոսելով Ղրիմի հիմնախնդրից նշել է, որ Ղարաբաղի խնդիրը այլ է և պետք չէ դրանք համեմատել։

Արտեմ Հարությունյանը կողմ արտահայտվեց նաև ռուսալեզու դպրոցների բացմանը. «Հայոց լեզվի վրա ոչ մեկ «վրա տալ» չի կարող։ Եվ ես գտնում եմ, որ ռուսական դպրոցները պետք է շատացնել», -նշեց նա։

Չհամաձայնվելով բանաստեղծի հետ՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ այս հարցը բավականին լուրջ է. «Այլալեզու կրթությունը անընդունելի է։ Մեր դպրոցը պետք է այնպիսի կրթություն տա, որ երիտասարդները լեզվական դժվարությունների չբախվեն։ Մենք գիտենք մեր հիվանդությունները, սակայն երբ դրա մասին ասում են դրսից, օտարները, անհարգալից է», - ասաց նա՝ ընդգծելով, որ ռուս գործիչները նման հայտարարություններ իրենց թույլ չէին տա Վրաստանում կամ Ադրբեջանում. «Մենք հեշտությամբ մեր ազատությունը մատուցեցինք մեր վաղեմի բարեկամին, մենք կողմ ենք բարեկամությանը, սակայն այդ բարեկամությունը միակողմանի չպետք է լինի», - ասաց Դավիթ Գասպարյանը։

«Ղարաբաղը շահեկան դիրքում է, քանի որ այն պատմականորեն հայկական հող է, իսկ Ղրիմը ցարական ժամանակներից նվաճված և վերանվաճված հող է։ Ղարաբաղը իր տեղում է՝ Հայաստան եղել է, Հայաստան էլ կմնա», - ասաց գրականագետը մեկնաբանելով Ռիժկովի՝ Ղարաբաղի մասին արված հայտարարությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: