Թրամփը ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ. Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար. Սասունյան
Ահա միջազգային հիմնական որոշումների համառոտ ցանկը, որ Թրամփը պետք է կայացնի.
1.Հարաբերությունների ամենակարևոր վերանայումը կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Եթե այս երկու խոշոր երկրները կարողանան համաձայնության գալ, ապա աշխարհի կայունությունը վտանգող տարաձայնության որևէ պատճառ չի լինի: Բացի այդ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային խոշոր գործիչներից շատերը, որոնք դեմ են արտահայտվում Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին, նորից վերադառնում են սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին: Ամենամեծ խնդիրը, որ ծագել է վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքն էր: Սակայն, ռուսները որևէ արտառոց բան չեն արել: Չինաստանը, Ռուսաստանը և նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները միշտ էլ փորձել են գողանալ միմյանց գաղտնիքները:
2.Թրամփը, գործող միջազգային համաձայնագրերի հետ կապված իր դժգոհության պատճառով, կցանկանա կրկին բանակցություններ վարել Օբամայի վարչակազմի կողմից նախկինում հաստատված պայմանների շուրջ: Առավել կարևոր փոփոխություններից մեկը, որ Թրամփը կցանկանա կատարնել՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ կրկին բանակցություններ վարելն է, որը Իրանից և ԱՄՆ-ից բացի ներառում է նաև մի շարք այլ երկրներ: Մնում է տեսնել, թե արդյոք իրանցիները կհամաձայնեն Թրամփի կողմից առաջարկվող փոփոխություններից որևէ մեկին:
3.Թրամփի համար մյուս կարևոր վերանայումը՝ արաբա-իսրայելական հակամարտության լուծումն է: Սակայն, եթե նա իր ծրագրերի համաձայն պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, ապա դա կարող է լուրջ բախում առաջացնել ԱՄՆ-ի և արաբական երկների միջև՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետևանքների:
4.Վերջին հարցը, որ կծառանա նախագահ Թրամփի առջև՝ Միացյալ Նահանգների և Կուբայի միջև նոր հարաբերությունների բարելավումն է: Մնում է տեսնել, թե արդյոք Կուբան կհամաձայնի Թրամփի կողմից առաջարկվող որևէ փոփոխության:
Ոչ մի երաշխիք չկա, որ նախագահ Թրամփի գաղափարները կբարելավեն նախկինում կնքված համաձայնագրերը, կամ եթե դրանք ընդունվեն մնացած աշխարհի կողմից: Հետևաբար, շատ մեծ անորոշություն կա, թե ուր կտանի նոր աշխարհակարգը, և արդյոք կբարելավվեն հարաբերությունները տարբեր երկրների միջև: Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի