Հայերեն   English   Русский  

Մոսկվան զգուշացնում է Մինսկին եւ վիժեցնում արտահանձնումը


  
դիտումներ: 1139

Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։

Սա պաշտոնական Բաքվի կողմից մեղադրանք եւ ամբաստանություն է ուղղված Մոսկվային, հետեւյալ պարզ տրամաբանությամբ։

Նախ այն, որ ՌԴ-ն մինչ այժմ լրջությամբ չի զբաղվում հակամարտությանը լուծում ապահովելու հարցում, թե իբրեւ համանախագահող երկիր եւ թե իբրեւ առնչված կողմ, որ գերմիջնորդական առաքելություն է իրականացնում։

Ամենայն լրջությամբ չվերաբերելու իբրեւ հետեվանք ստացվում է այն, որ ստատուս քվոն պահպանվում է Մոսկվայի մեղքով. այսինքն սա նշանակում է, որ Մոսկվային վերագրվող պահվածքի համար է, որ Բաքուն հրադադար է խախտում, դիվերսիոն գործողություն իրականացնում, ապրիլյան հանկարծակի պատերազմ սանձազերծում եւ անզեն բնակչությունը հրթիռակոծում։

Փորձենք ուրվագծել Մամեդյարովի հայտարարության ընդհանուր կոնտեքստը։ Հայտարարություների ընդհանուր շրջագիծը վերաբերում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, որի մասին այսօր խոսել է Լավրովը։ Խնդիրը, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, «դիտարկվում է իրավական հարթության մեջ»։ Նա, Մամեդյարովի պնդմամբ, «ապօրինաբար հատել էր Ադրբեջանի պետական սահմանը», և վերջինիս արտահանձնման նպատակով Բելառուսին ներկայացվել են բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Բաքուն պաշտոնապես առաջադրում է ռուս բլոգերի արտահանձնումը։ Չնայած խիստ հարցական է նրա ձերբակալության իրավականությունը բելառուսական իրաւապահ մարմինների կողմից։

Միանգամայն հստակացնենք, որ առաջին օտարերկրացի անձնավորությունը չէ, որ այցելում է Արցախ. նման նախընթաց երեւույթների դեպքում նրանք արժանանում էին Բաքվի սեւ ցուցակը համալրելու կարգավիճակին։ Այժմ ձերբակալության պահանջ, ձերբակալություն եւ արտահանձնման գործընթացի սկսման պահանջ։

Բաքուն աշխատում է խստացնել Արցախի Հանրապետություն այցելողների կարգավիճակը քրեական հետապնդման ենթակա համարել տալով նրանց, ովքեր ադրբեջանական ընկալումով ապօրինաբար հատում են Ադրբեջանի պետական սահմանը։

Իրաւամբ սառը ցնցուղ է ընկալվում պաշտոնական Մոսկվայի պատասխանը ադրբեջանական նկրտումներին։ Ռուս արտգործնախարարը հստակացրել է, որ Մոսկվան համաձայն չէ լրագրողի կամ մասնաւոր անձի այս կամ այն տարածաշրջանի այս կամ այն տարածք այցելությունը քրեականցնելու մոտեցմանը։ Աւելին. նա ասել է, որ իրենք դեմ են որեւե երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնմանը։

Լավրովի հայտարարությունը նաեւ զգուշացում է Մինսկին արտահանձնման չգնալու։ Բաքուն երրորդ երկրի հետ գործարքներով արտահանձնում իրականացնելու վատ նախընթաց է իրականցրել եւ մարդասպանին ոչ թե արտահանձնման ընթացակարգը կամ պատժի շարունակականությունը ապահովել, այլ հերոսացրել։

Լավրովի հայտարարությունները եթե մի կողմից զգուշացում է Մինսկին նման քայլի չգնալու, մյուս կողմից նաեւ անուղղակի մեղադրում է Բաքվին շփման գծերի վրա վերահսկողական մեխանիզմներ չստեղծելու հանցանքով։

Մամեդյարովի հայտարարությունը միայն իբրեւ պատասխան արձագանք կարելի է ընկալել Լավրովի հայտարարություններին։ Մամեդյարովը մի կարեւոր քայլ առաջ է գնացել բլոգերի խնդիրը տեղափոխելով նաեւ ստատուս քվոյի պահպանման մեջ մեղադրելով Մոսկվային. այս դեպքում հակամարտության լուծման գործընթացը սառեցված պահելու առումով։

Մոսկվան մի կողմից շարունակում է մերձեցման հարաբերությունները Անկարայի հետ, մյուս կողմից խիստ ուղերձներ է փոխանցում Բաքվին սառը ցնցուղի ազդեցությամբ։ Չի բացառվում, որ Անկարան փորձի կանխարգելել Մոսկվա-Բաքու հայտարարություններում երեւացող հակասությունների զարգացումը։ Իսկ կոնկրետ բլոգերի խնդրով, Լավրովի այս բացահայտ դիրքորոշումից հետո, դժվար թե իրականանա արտահանձնումը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: