Հայաստանում այսօր իշխանափոխության հրամայականն օդում է. Վարդան Օսկանյան
«Հայաստանում այսօր իշխանափոխության հրամայականն օդում է»,-ասաց Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքով՝ ինքը երկու տասնամյակ իշխանության մեջ է եղել, որպես անհատ, իհարկե, բազմաթիվ թերություններ ունի, բայց երկու հարցում իրեն անթերի է համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում:
«Այդ երկու տասնամյակների ընթացքում, երբ աշխատել եմ երկու նախագահների հետ, երբեք չեմ ծառայել մարդուն, այլ ծառայել եմ երկրին, ժողովրդին ու հայրենիքին։ Այդ երկու տասնամյակի ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ կամ իմ պաշտոնն ու պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ նրան, որ ինձ առաջարկվել է բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի կարողանամ իմ ներդրումը բերել Հայաստանում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և ընդդիմության ձևավորմանը»,-ասաց Վարդան Օսկանյանը` հավելելով, որ միշտ ապացուցել է, որ իր համար պաշտոնը և փողն արժեք չունեն։