ԱՄՆ-ում տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցության տպավորիչ հաղթանակը Կոնգրեսում դրական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Վաշինգտոնի համալսարանի Թուրքիայի հետազոտությունների ծրագրի ղեկավար Սոներ Չաղափթայը: Թուրքիան հույսեր ունի, որ հանրապետականները կպաշտպանեն թուրքական շահերը մասնավորապես Սիրիայի հարցում և Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ որևէ օրինագծի քննարկման ժամանակ: «Երբ ինչ-որ օրինագիծ է օրակարգ մտել, դրան խոչընդոտողները միշտ հանրապետականներն են եղել: Վերջիններս Թուրքիայի կարևոր դաշնակիցն են, որոնք մեզ դիտարկում են որպես մի երկիր, որը չպետք է պարտվի: Այս տեսանկյունից Թուրքիայի համար նվաճում է, որ հանրապետականները Կոնգրեսում մեծամասնություն կազմեն, քանի որ այդ դեպքում հայկական լոբիի ազդեցության տակ օրակարգ մտած օրինագծերի ընդունման հավանականությունը շատ քիչ կլինի»,-նշել է Չաղափթայը: