Հայերեն   English   Русский  

Մեր պաշտպանական գիծը լավն է, սակայն հուսալի գիծ չի լինում. Վովա Վարդանով


  
դիտումներ: 1953

Պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական դիվերսիայի տեսանյութերի հրապարակումը ռազմական տեսակետից այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ստիպված են լինում փոխել դիտակետը, ինչը բավական ծանր աշխատանք է: Սակայն հոգեբանական պատերազմի տեսանկյունից՝ ինչո՞ւ ոչ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

Այն հարցին, թե լայնամասշտաբ պատերազմի հետևանքները որոնք են լինելու, Վարդանովը նշեց՝ ինքը շատ լավ է պատկերացնում` ինչ տեղի կունենա.

«Պատերազմը 1989-ին թվականի աշնանից սկսվել ու դեռ չի վերջացել, բայց զոհերի ամենամեծ քանակը մենք ունեցել ենք 1993թվականի դեկտեմբերից 1994 թվականի ապրիլի վերջ: պատճառն այն է, որ մենք պաշտպանվում էինք: 93 թվականի վերջին որոշեցինք պաշտպանական մարտեր անել, որովհետև զենք ու զինամթերքը, մարդկանց ռեսուրսների պատճառով չէին կարող շարունակել ու յուրացնել ռազմական տարածքներ: Պաշտպանական մարտերը քիչ զոհ են բերում այն դեպքում, որ հակառակորդը շատ զենք չունի: Մենք երբեմն թույլ ենք տալիս սխալը. թերագնահատում ենք մեր հակառակորդին, բայց նրանք այսօր պատրոնից մինչև 155 մմ արկ են արտադրում: Իսկ մենք, որոշ մարդկանց թեթև ձեռքով գրեթե ոչինչ չենք արտադրում Հայաստանում, սակայն, փառք Աստծո, նրանք հեռացվեցին ՊՆ-ից: Մենք պետք է այդ բացերը շատ արագ լրացնենք» :

1993 թվականին յուրաքանչյուրի գլխին մոտ 400 արկ է ընկել. Հիմա էլ նույնքան հնարավորություն ունեն. «Մեր պաշտպանական գիծը լավն է, սակայն հուսալի գիծ չի լինում, դա ցույց է տալիս ռազմական պատմությունը: Եթե չսթափվենք ու լուրջ չնայենք, հասարակությունը ՊՆ-ից չպահանջի ռեզերվանտների հետ աշխատանքը, որ ոչ թե թղթի վրա լինի, այլ իրականում, եթե խաղաղ բնակչությանը մենք չպատրաստենք, ապա զոհեր կունենանք` այն էլ շատ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է պատրաստի ռեզերվ լինեն, ամեն մեկը գործողության ժամանակ իր դիրքը, տեղը պետք է ունենա»,- շարունակեց նա:

Ըստ նրա՝ հայերի առավելությունը մոտիվացիան է: Մարդիկ գիտեն, որ նահանջելու դեպքում վտանգի տակ են դնում իրենց ընտանիքները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ներքաղաքական այս իրավիճակում, երբ առջևում ընտրություններ են, ինչ կարող է ձեռնարկել Ադրբեջանը , Վովա ՎԱրդանով նշեց, որ ցանկացած առիթ այդ երկիրը փորձում է օգտագործել: Այսպես 2008 թվականի Մարտի 1-ին հայկական կողմը երկու դիրք կորցրեց, 1996-ին էլ հակառակորդը որոշակի առաջխաղացում է ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: