Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, չնայած արգելքին, ելույթ կունենա Համբուրգում
«Համբուրգում հանրահավաքը չեղյալ չի հայտարարվել, փոխվել է միայն անցկացման վայրը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե արդյունքում որտեղ է այն տեղի ունենալու: Նա նաև հավելել է, որ արտաքին գործերի նախարարն ու նրան ուղեկցող անձինք արդեն Գերմանիա են ժամանել:
Ավելի վաղ գերմանական «Die Welt» պարբերականը հայտնել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Չավուշօղլուի հանրահավաքը, որը պետք է տեղի ունենար մարտի 7-ի երեկոյան Համբուրգի Վիլգելմսբուրգ շրջանում, իշխանությունների կողմից չեղարկվել էր: Նման որոշում կայացվել էր հրդեհային անվտանգության միջոցներն ապահովելու անկարողության պատճառով: Այդ դահլիճում չեղարկվել են նաև պլանավորված այլ միջոցառումներ:
Ավելի վաղ Գերմանիայում արգելվել էին երկու թուրք քաղաքական գործիչների ելույթները, ովքեր պետք է սահմանադրական փոփոխության օգտին քարոզարշավով հանդես գային: Մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման արգելքները համեմատել էր նացիստների քաղաքականության հետ: Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նման համեմատությունն անվանել էր անտեղի: