Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ում լսումների ժամանակ քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները


  
դիտումներ: 684

Մարտի 7-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել իրավապաշտպանների իրավիճակի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը, խաղաղ հավաքների անցկացման իրավունքի հարցերի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայնա Քայը, Ադրբեջանից երիտասարդ ակտիվիստ Նաջմին Քամիլը, իրավապաշտպան Էմին Գուսեյնովը, լրագրող Խադիջա Իսմայիլովան (սկայպի միջոցով), ինչպես նաև ՄԱԿ-ի առաքելությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Վագիֆ Սադըխովը:

Ֆորստը նշել է, որ 2016 թ-ի սեպտեմբերին եղել է Ադրբեջանում` գրանցելով, որ հիմնարար իրավունքներին առնչվող իրավիճակը վատթարացել է, և երկիրը գնում է դեպի ավտորիտարիզմ: Ֆորստը ընդգծել է, որ ինքը ևս Ադրբեջանի կառավարության կողմից ենթարկվել է հարձակման իր եզրահանգումների համար:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատմել են երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման, քաղաքական դրդապատճառներով քաղաքացիներին հետապնդելու, քաղբանտարկյալների թվի աճի մասին` ընդգծելով, որ վերջիններիս թիվը գերազանցում է 150-ը: Միջոցառմանը ուշադրություն է հրավիրվել նաև Ադրբեջանում Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար, բլոգեր Մեհման Իսմայիլովի կալանավորման վրա, ով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Վագիֆ Սադըխովը նիստի ընթացքում ամեն կերպ փորձել է հերքել քննադատությունը` խոշտանգումների փաստերի մասին տեղեկությունները ներկայացնելով որպես «հեքիաթներ»: Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են արել ՄԱԿ-ի կառույցներին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: