Ադրբեջանին պատասխանելը հղի է վտանգով, բայց չպատասխանելը ևս լկտիացնում է նրան.Վ. Դևրիկյան
«Օդային հարվածը նախապատերազմական վիճակ է նշանակում կամ կիսապատերազմ: Անկախ ներքին խնդիրներից մենք կարող ենք վստահել ռազմական ղեկավարությանը, որովհետև նրանք անցել են պատերազմով, գիտեն դա ինչ է», - ասաց Վարդան Դևրիկյանը
Ըստ նրա` կարելի է շատ վերլուծություններ անել, թե ինչու Ադրբեջանը գնաց այս քայլին, սակայն ավելի բարդ հարց է, թե ինչպես պետք է պատասխանենք դրան: «Պատասխանը հղի է վտանգով, բայց չպատասխանելը ևս լկտիացնում է հակառակորդին», - նշեց նա:
Ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի` միջազգային հանրությունը Արցախյան հարցի շուրջ ներկայացված է ամենաբարձր մակարդակով Մինսկի խմբի շրջանակներում. դա ցույց է տալիս, թե ինչ մեծ նշանակություն է տրվում այս հարցին տարածաշրջանում:
«Ես համոզված եմ, որ Մադրիդյան սկզբունքների տրանսֆորմացիայի կարիք կա: Դիվանգիտության հիմնական նպատակը պետք է դա լինի», - ասաց նա:
«Ադրբեջանը վերին աստիճանի հետևողական քաղաքականություն է վարում, անընդհատ հայտարարելով Հայաստանի կողմից օկուպացված տարածքների մասին: Այդ երկիրը իր գործողություններով ոտնահարում է Բիշքեկյան համաձայնագրի և Ժնևյան կոնվենցիայի կետերը: Սակայն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը այդպես էլ չի ստեղծել միջոցներ, որոնք սանկցիաների կենթարկի խախտողներին», - նշեց Լարիսա Ալավերդյանը: