Հայաստանի ՍԴ-ն սահմանադրական է համարել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
Պայմանագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման
Սահմանադրական դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով:
Սպասվում է, որ ՍԴ որոշումից հետո պայմանագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման: Սկզբում այն կքննարկվի ԱԺ հանձնաժողովներում, որից հետո, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին, կներառվի խորհրդարանի նիստերի օրակարգում:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն մայիսին ստորագրել ու վավերացրել են ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը: ԵՏՄ ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:
Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: