Հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին
Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերումեն տնտեսությանը, ենթակառուցվածքներին, կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների:
Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ:
«Ովքեր եկել են, մեծ սիրով ընդունել ենք, և Արցախի կառավարությունն ու արցախցիները նրանց համար պայմաններ են ստեղծել եղած հնարավորությունների սահմաններում: Ստեղծել ենք բնակարանային ու կենցաղային այլ պայմաններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ՝ աշխատանքի տեղավորելով, հողագործներին հող ու վարկեր տրամադրելով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Սպայական անձնակազմի ուսանող զավակների՝ կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցման կարգի վերաբերյալ հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ գործող ծրագիրը Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է բխում, և այն պետք է տարածվի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնառության ծրագրերի վրա: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ հարցը պետք է անպայման ուսումնասիրել և արտոնություններ տալ նաև մագիստրատուրայում սովորող՝ սպայական անձնակազմի ուսանող երեխաներին: