Հայերեն   English   Русский  

Երևի լավ չեն աշխատել, որ որոշել են փակել. գրականագետը Լեզվի տեսչության լուծարման մասին


  
դիտումներ: 1327

«Երկրի ղեկավարման ճիշտ և լավ ձևն այն է, երբ մեկը դառնա երկու, երկուսը՝ չորս: Նշանակում է կա աճ, տնտեսական զարգացում: Բայց երբ երկուսը դառնում է մեկ՝ նվազեցնելով սահմանը՝ դառնում է անհեռանկար քաղաքականության մասնակից: Մեր մեջ շագրենի կաշվի հոգեբանություն է մտել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով լեզվի պետական տեսչության լուծարմանը:

«Կրճատելը, փակելը սեղմելը , փոքրացնելը ստիպում են, որ մարդը փախչի երկրից: Ես կտրականապես դեմ եմ այս քաղաքականությանը: Ժամանակին լեզուն շարժման, զարգացման մեջ էր, բառեր էին ստեղծվում, գիտական եզրաբանություն էր մտնում շրջանառության մեջ: Դե, եկեք այսօր լեզվի տեսչությունը փակենք, վաղն էլ ուրիշ բան: Այն պետք է աշխատի ու լավ աշխատի, ոչ թե քնեն մարդիկ: Լիազորություններ պետք է տալ. սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է: Բազմաթիվ խնդիրներ կան: Արևելահայերենը նորմավորված է, իսկ եթե լեզվի տեսչությունը փակվի, արևմտահայերենի նորմավորումը որտե՞ղ պետք է կատարվի»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Ըստ նրա՝ եթե չի աշխատում, անհատի խնդիր է. անհատին պետք է փոխել, բայց հիմնարկը պահել.«Երևի լավ չեն աշխատել, որ որոշել են փակել: Սակայն լեզվի տեսչությունը փակելը վտանգավոր, անհեռանկար է և ազգային դիմագծի կորստի տանող: Ձեռքներդ հեռու հայոց լեզվից, առանց լեզվի երկիրը դադարում է երկիր լինելուց »:

Գրող Սուսաննա Հարությունյանն իր հերթին նշեց՝ լեզվի տեսչությունը փակելը մտավորականությանը դեմ քայլ է. «Տեսչությունը, սակայն, չի պայքարում այս որոշման դեմ: Մեր չինովնիկներն այսօր ձգտում են ստեղծել իրենց արժանի մտավորականություն: Ամեն ինչ արվում է՝ գյուղական համայնքների կրթօջախները միավորելու, մանկավարժներին անգործ թողնելու և մտավորականներին անասնապահ դարձնելու համար: Լեզվին հարվածել, նշանակում է հարվածել պետությանը»,- ասաց նա:

Գրողը չի գտնում, որ պատճառը ֆինանսներն են. «Միայն թալանվածի մի մասը եթե հետ բերենք, արդեն չորս Հայաստան կծաղկացնենք: Ես կարծում եմ, որ սա իշխանության կողմից նպատակադրված քայլ է: Մենք էսօր ապրում ենք ինտելեկտուալ և մշակութային պատերազմների դաշտում, և ոչ միայն մենք գիտենք, որ այն, ինչ որ չի անում ոչ մի զենք, անում է լեզուն: Եվ դրա համար հենց հարվածում են մեր լեզվին»,- եզրափակեց բանախոսը::





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: