Հայերեն   English   Русский  

Անդամակցումը ԵՏՄ-ին հակասում է Սահմանադրության 1-ին և 2-րդ կետերին. փորձագետ


  
դիտումներ: 1765

«Մենք ունենք խնդիր իշխանության հետ. եթե գործադիր կամ օրենսդիր իշխանությունները չեն դիմադրել անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ապա սպասել, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կկանգնի այս որոշման առջև, իրատեսական չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես գնահատեց սահմանդրական դատարանի ընդունած այն որոշումը, ըստ որի` Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

«Սահմանադրական դատարանը երբևիցե առանձնակի հերոսությամբ չի փայլել: Ոչ մի զարմանալի բան չկա , որ այս որոշումը ընդունվեց, և հիմա մենք գործ ունենք ցավալի և խայտառակ փաստի հետ», - նշեց փորձագետը:

Ըստ նրա` նոյեմբերի 14-ին 15 րոպեանոց նիստում ընդունված որոշումը հակասում է Սահմանդրության առաջին և երկրորդ կետերին. « Պարզապես պետք է կարդալ առաջին և երկրորդ հոդվածները, որոնք փոփոխության ենթակա չեն` դրանց հռչակում են Հայաստանը անկախ և ինքնիշխան պետություն, և որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվրասիական տնտեսական միությունում կան կետեր, որոնք պարտադիր են Հայաստանի համար, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հենց Ռուսաստանն է: Չտեսնել, որ այս միության անդամակցումը սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը, հնարավոր չէ», - գտնում է Մեհրաբյանը:

Իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը համաձայն չէ Ռուբեն Մեհրաբյանի հետ և գտնում է, որ իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չկա: «Արձանագրենք, որ այս դարում Հայաստանը չի կարող չմասնակցել ինտեգրացիոն գործընթացներին: Մի՞թե նույն հարցերը չէին ծագի, եթե Հայաստանը միանար Եվրամիությանը», - նշեց իրավագետը:

«Եթե իրավական տեսանկյունից նայենք նախագահը և Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցիչն են: Նախագահը որոշում է ընդունել, որը վավերացվել է Ազգային ժողովի կողմից: Եթե վերջինս համաձայն չլիներ, կարող էր չվավերացնել: Այստեղ սահմանադրական որևէ դրույթի խախտում չկա», - ասաց Վարդան Այվազյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: