Հայերեն   English   Русский  

Երկու բրոնզ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունից


  
դիտումներ: 1898

Մայիսի 13-14-ը Օրենբուրգում կայացավ մեծահասակների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որն ընդգրկված է բարձրակարգ վարկանշային մրցաշարերում:

Գավաթի խաղարկությանը մասնակցեց 15 երկրների 274 մարզիկ, այդ թվում՝ 195 ձյուդոյիստ և 79 ձյուդոյիստուհի: Եվրոպական երկրներից բացի, մրցաշարում ելույթ ունեցան նաև Կանադայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակները:

Մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Օրենբուրգում հանդես եկավ հայազգի 12 պատվիրակ՝ 10 ձյուդոյիստ և 2 ձյուդոյիստուհի:

Հայ ձյուդոյիստներից առավել հաջող հանդես եկան Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ): Մեր մարզիկները 4-ական հաղթանակ տարան, 1-ական պարտություն կրեցին և գրավեցին 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Երրորդ տեղի համար գոտեմարտում Ֆերդինանդ Կարապետյանը իպոնով մաքուր հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող Սամուել Զինգոյի նկատմամբ: Սա ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի գավաթի խաղարկություններում Ֆերդինանդ Կարապետյանի նվաճած 2-րդ բրոնզե պարգևն էր: Հայ մարզիկը նման հաջողության հասել էր նաև ապրիլին՝ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացած մեծահասակների Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում:

Երրորդ տեղի համար գոտեմարտում 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանն էլ վազարիով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Մաթուս Միլիչովսկուն:

Նշենք նաև, որ ստուգատեսի գոտեմարտերը սպասարկող մրցավարների թվում էր ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: