Հայերեն   English   Русский  

ԱՄՆ սենատորները սպառնում են հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին և զրկել օգնությունից


  
դիտումներ: 1095

Արդեն երկրորդ շաբաթն է, ԱՄՆ Կոնգրեսում չի դադարում մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի անվտանգության ուժերի հարձակման և դաժան ծեծի հետևանքով բարձրացած աղմուկը:

Սենատի գլխավոր անդամներից Լինդսի Գրեմը և Պարտիկ Լիհին սպառնում են կրճատել ԱՄՆ օգնությունն Անկարային, եթե «Թուրքիայի կառավարությունը հարցը չդարձնի ամենաբարձր ուշադրության և քննության առարկա», հայտնում է Հայ Դատի հանձնախումբը:

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում սենատորներ Գրեհեմն ու Լիհին Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված նամակում գրում են.

«Կցանկանայինք հիշեցնել Ձեզ, որ այս երկրում խաղաղ հավաքներն ու խոսքի ազատությունը հիմնարար իրավունքներ են: Մեզ համար Թուրքիայի անվտանգության անձնակազմի հարձակումներն ավելին են, քան խաղաղ ցուցարարների վրա հարձակումը. դա հարձակում է նրանց իրավունքների վրա»:

Կոնգրեսի Հունաստանի աջակցության խմբի համանախագահ Կարոլին Մոլոնիի գլխավորությամբ ԱՄՆ 29 Ներկայացուցիչներ կոչ են արել Պետդեպարտամենտին անհապաղ միջոցներ ձեռնարկել և մեղավորներին պատասխանատվության կանչել.

«Նման պահվածքը դատապարտելի է և անհանդուժելի: Դա ոչ միայն հանցագործություն է, այլ նաև վիրավորանք ԱՄՆ արժեքների հանդեպ»,-ասվում է Պալատի՝ Պետքարտուղար Թիլերոսոն ուղղված մայիսի 19-ի նամակում:

Նամակի տակ ստորագրել են Ներկայացուցիչներից Դոն Բեյերը, Սյուզան Բոնամիցին, Ռոբերտ Բրեդին, Խոակին Կաստրոն, Դեվիդ Չիչիլինւ, Քեթրին Քլարկը, Չառլի Քրիստը, Բիլլ Ֆոսթերը, Ռաուլ Գրիժալվան և ուրիշներ:

Այս օրենսդիրները միանում են Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդների այն լայն շրջանակին, որն անցյալ շաբաթ դատապարտել է Էրդողանին՝ ցուցարարների վրա հարձակման համար: Զինված ծառայությունների կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը կոչ է արել հետ ուղարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսան Սերդար Քըլըչին:

Շվեյցարիայում և Լիխտենշտեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Կոնգրեսական Դոն Բեյերը ևս միացել է Քըլըչին հետ ուղարկելու կոչին և ստորագրել Կոնգրեսի նամակը:

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել սենատոր Գրեմ Լիհին, Մելոնիին և նրա 28 կոլեգաներին, ինչպես նաև Կոնգրեսի բոլոր անդամներին, ովքեր շարունակում են կոնկրետ հետևանքներ պահանջել մեր մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի դաժան հարձակման համար»,-նշում է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում շահագրգիռ բոլոր անձնանց միանալ պահանջագրին ( հղումը՝ www.anca.org/erdogan) և այն հասցնել Քարտուղար Թիլերսոնին, Նախագահ Թրամփին, Սենատին և Ներկայացուցիչների պալատին՝ Թուրքիայի դեսպանին անհապահ հեռացնելու պահանջով:

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիայի դեսպանին կանչել է խորհրդակցության և պաշտոնապես իր վրդովմունքը հայտնել՝ Էրդողանի թիկնազորի պահվածքը կոչելով «անընդունելի»: Թրամփը ևս կմեկնաբանի տեղի ունեցածը:

Սակայն ներողության փոխարեն՝ մայիսի 22-ին Թուրքիայի ԱԳՆ-ն է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին: Թուրքիան ԱՄՆ ոստիկանությանը մեղադրել է «ագրեսիով և ոչ պրոֆեսիոնալ» գործողությունների համար:

Ի դեպ, Էրդողանի թիկնապահների հարձակումների մասին հաղորդելուց հետո Հայ դատի հանձնախումբը սպառնալից հաղորդագրություններ և զանգեր է ստանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: