Կայացավ ռոմանտիկ կատակերգության պրեմիերան
Կինոնկարի սյուժեն վերցված էր ժամանակակից առօրյա կյանքից:
Գլխավոր հերոսը` Արսենը, ում կերպարը մարմնավորել է դերասան Սոս Ջանիբեկյանը, պլաստիկ վիրաբույժ է և բնակվում է ԱՄՆ-ում: Երիտասարդ բժիշկի ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա, երբ նա դեռ փոքր էր:
Կրթություն ստանալով Նահանգներում` Արսենն ավելի շատ ամերիկյան արժեքների կրող է: Օրինապահ երիտասարդը անգամ չէր կարող պատկերացնել, որ իր պատմական հայրենիքում կարող է ներքաշվել հանցագործության մեջ և օգնել հանցագործին ներկայանալ «ուրիշի փոխարեն»:
Դերասան Սոս Ջանիբեկյանի համոզմամբ ֆիլմում չկար գռեհիկ հումոր, դա դրական երեւույթ է: Անկախի հետ զրույցում նա նշեց, որ փորձել է չկարևորել գլխավոր հերոս լինելու փաստն ու պարզապես կատարել է իր աշխատանքը:
Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Երիցկանյանն է, սցենարիստները` Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանը:
Ֆիլմի ռեժիսորը կարծում էր, որ պրեմիերա ասվածը ցավոտ երևույթ է, բայց ստացվեց ճիշտ հակառակը և նա գոհ էր: Նա ավելի էր ոգևորվել ու պատրաստ էր նորից աշխատել ու ստանալ ավելի ու ավելի լավ կինոնկարներ:
Ֆիլմում հայտնի կատակերգու Հովհաննես Ազոյանը հանդիսատեսի առջև ներկայացավ ամբողջովին նոր` բացասական կերպարով ու իմիջով:
Ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Թամարա Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լևոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանն ու այլ սիրված դերասաններ:
Զգեստները ձևավորել է Ֆաինա Հարությունյանը: Նախագծի գլխավոր մենեջերն է Սիլվա Մեսրոպյանը: Պրոդյուսերներն են Հրանտ Երիցկինյանը և Ալբերտ Մարգարյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ