Նյու Յորքում ներկայացվել է նշանավոր հայազգի ոսկերիչ Սևան Բըչաքչըի մասին պատմող գիրքը
«Ակօս»-ի հաղորդմամբ` օրերս Նյու Յորքում Բեքերը ներկայացրել է «Սևան Բըչաքչը» գիրքը, որը պատմում է հայազգի տաղանդավոր ոսկերչի ստեղծագործական կյանքի մասին` Ստամբուլի Սամաթիա թաղամասից մինչև համաշխարհային հռչակ: Գրքում ներկայացված են նաև Բըչաքչըի անկրկնելի մատանիների ստեղծման հետաքրքիր պատմությունները, մատանիներ, որոնց նայելիս հայտնվում ես հեքիաթների, առասպելների գրկում:
Սևան Բըչաքչըն ծնվել է 1965 թվականին Ստամբուլում: Երբ նա 12 տարեկան էր, նրա հայրը, որը թատրոնի դերասան էր, Սևանին տալիս է որպես աշակերտ Ստամբուլի նշանավոր Փակ շուկայի ոսկերիչ Հովսեփ Չաթաքին: Չորս տարի անց նրա վարպետը մահանում է, սակայն Սևանը հասցնում է շատ բան սովորել ոսկերչության և թանկարժեք քարերի արվեստի մասին: Շարունակելով զբաղվել ոսկերչությամբ` Բըչակչըն մեկ տարվա ընթացքում ստեղծում է իր առաջին հեղինակային մատանիների հավաքածուն` 2002 թվականին այն ներկայացնելով համաշխարհային շուկայում: Բըչաքչըն, որը հայտնի է «Մատանիների արքա» անունով, հիմնականում ներկայացնում է բյուզանդական և օսմանյան ոճի զարդեր: