2015թ.-ի բյուջեն կազմելիս անտեսվել է այն փաստը, որ Հայաստանը մտնում է շատ ծանր տարի. տնտեսագետ
2015թ.-ին Հայաստանը զարգանալու քիչ կարողություններ ունի
Ըստ տնտեսագետի` անգամ եթե փողոցում հասարակ քաղաքացուն հարցնենք, կասի՝ գալիք տարին վտանգված է, ընդ որում պատճառներն էլ կհիմնավորի՝ Ռուսաստանի տնտեսության վիճակ, օտարերկրյա ներդրումների անկում և այլն։ Տնտեսագետը կարծում է` նման պարագայում պետությունը որոշիչ չէ, բայց պետք է մասնակից լինի, միջամտի այս իրողություններին։
Ասատրյանի կողմից բերված թվերը արդեն վկայում են, թե ինչպիսին է 2015թ-ի բյուջեն։
Նախ ամենամեծ բյուջետային ծախսերը իրականացվելու են հեռուստառադիոյի ոլորտում՝ 50.7 տոկոս, բայց սա ուրախության առիթ չի տալիս, քանի որ ներդնում է արվելու պետական լրատվամիջոցների ոլորտում, իսկ սա նշանակում է՝ ուղղված է քարոզչության ընդլայնմանը:
Երկրորդ հոդվածն, ըստ նրա, ավելի տխուր է։ Հասարակական կարգի պահպանության և անվտանգություն ոլորտի, ոստիկանության գործունեության համար ծախսերում նախատեսված է 22.8 տոկոս աճ, այսինք` մեր իշխանությունները ընդունում են, որ գնալու են քարոզչության, հասարակական կարգի պահպանությանը. վերջինս էլ ներառում է պաշտոնյաններին ուղեկցող ոստիկաններ և այլն:
Երրորդը` օրենսդիր և գործադիր մարմինների ծախսերի համար` 18.6 տոկոս ծախսերի աճ։
Ըստ բանախոսի` բյուջեն կազմելիս անտեսվել է այն փաստը, որ տնտեսական հնարավորությունների առումով Հայաստանը շատ ծանր տարի է մտնում, և պետությունը պետք է թիկունք կանգնի, ավելի մեծ մասնակցություն ունենա տնտեսության մեջ. սա միայն կարող է դառնալ այն բանի նախադրյալը, որ գալիք տարի էական անկում չապրենք։
Տնտեսագետը պնդում է, որ մի քանի տարի առաջ էլ, երբ ճգնաժամը տեսանելի էր դառնում Հայաստանում, ընդունվեց մի շռդալից բյուջե, արդյունքում՝ հայտնվեցինք ծանր կացության մեջ, իսկ դրանից պետական պաշտոնյաներն ու օլիգարխները չտուժեցին, տուժեց միայն ամենակարիքավոր հատվածը։
«2015թ-ին Հայաստանը զարգանալու քիչ կարողություններ ունի, իսկ այս բյուջեն, ցավոք, այդ հնարավորություններին ոչինչ չի ավելացնում։ Այս բյուջեով նախատեսվում է 3-4 % տնտեսական աճ, բայց ակնհայտ է, որ դա էլ արդեն կորցրել ենք դրամի արժեզրկմամբ»,-նշեց Ասատրյանը:
Իսկ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով` սրանից անհաջող բյուջե հնարավոր չէր, որ լիներ:
«Սրա նման կարելի էր կազմել ոչ միայն 2015-ի, այլև մինչև 3000 թվականի բյուջեն: Ամեն տարվա բյուջեն մյուսից տարբերվում է մի փոքր բանով. շպրտում են մի փոքր գումար, իբր ծախսերը պետք է մեծանան, դա էլ նետում են տարբեր հոդվածների վրա»,-նշում է Բոստանջյանը: Նա համոզված է`սոցիալական և այլ բառերը հասարակությանը ապակողմնորեշելու համար են նշում: Իսկ անընդհատ խոսել սոցիալական ծրագրերի մասին այն դեպքում, երբ Հայաստանում 900,000 մարդ աղքատ է, տնտեսագետը առնվազն անխելքություն համարեց: