Հնդկաստանի աջակցության շնորհիվ Վայոց ձորի բոլոր դպրոցները կունենան նոր համակարգիչներ
Այդ ծրագիրը իրանացել է Հնդկաստանի կառավարության աջակցությամբ:
Նշենք, որ 2009թ.-ից Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն:
Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության 8 տարիների ընթացքում վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը, իսկ 2012-ին Տավուշի մարզի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով:
Երրորդ ծրագրի շնորհիվ, որի ավարտն ազդարարվեց այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից կկարողանա օգտվել նորագույն համակարգիչներով հագեցած սենյակներից, աշխատել համակարգչային տարբեր ծրագրերով:
Հայաստանի կառավարությունն իր վրա էր վերցրել Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների համակարգչային սենյակների վերանորոգումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը զբաղվել էր սենյակների կահավորմամբ, իսկ Հնդկաստանի կառավարությունը մատակարարել էր համակարգիչներ, տպիչներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:
Կրթության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի կառավարությանը ուղղորդված աջակցության համար, որը ցուցաբերվում է կրթության համակարգի նկատմամբ. «Յուրաքանչյուր նման օգնությամբ ինչ-որ խնդիր մեր բազմածավալ խնդիրների հորձանուտում լուծվում է: Կոմպյուտերային բաղկացուցիչը կարևոր է: Առաջին վարկային ծրագրով սկսված համատարած կոմպյուտերացումից անցել են տարիներ և նոր տեխնոլոգիաների կարիք կա: Նման օգնությունները շոշափելի են, հատկապես մեզ համար գերակա է էլեկտրոնային կրթության և էլեկտրոնային հաղորդակցման տեխնոոլոգիաների ներդրումը կրթության համակարգում»:
Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի շրջանակում ստեղծվող լաբորատորիաների բյուջեն՝ 500.000 դոլար, ամբողջությամբ փոխանցել է Հնդկաստանի կառավարությունը։
ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը նշեց, որ մեր ժողովուրդների միջև համագործակցության դարավոր պատմության կա՝ թե բիզնես, թե քաղաքական ոլորտներում։
«Հնդկաստանի կառավարությունը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջոցով շարունակելու է իր մշտական աջակցություն ցույց տալ Հայաստանին կրթական ոլորտում»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ նմանատիպ ծրագիր իրականացվի մեկ այլ մարզում, դեսպանը նշեց, որ իրենց միշտ պատրաստ են համագործակցության, եթե նման առաջարկ լինի: