Հայաստանի և Արցախի բնակիչները 8000 տարի առաջ այստեղ ապրող մարդկանց անմիջական ժառանգներն են. աննախադեպ հետազոտության արդյունքները
Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Հետազոտություն մայրական գծով ժառանգականության հանգամանքն է քննության դրվել և հաստատվել է՝ շարունակականություն կա արդեն շուրջ 8000 տարի:
Գիտնականը պատմեց, որ վերջին տարևիներին իրենք Արցախից և ՀՀ տարածքից մարդաբանական նյութեր ենք ուղարկում ԴՆԹ անալիզ Դանիա: Երեկ հրատարակվեց Current Biology ամսագրում, որում ներկայացվեց որ մ.թ.ա 7-րդ հազարամյակից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակության մեջ են, այսինքն՝ այստեղ կան մշակույթներ, որոնք փոխվում են, բայց բնակչությունը փոփոխության չի ենթարկվել:
«Այստեղ ապրող մարդիկ այն ժամանակ ապրող մարդկանց ժառանգներն են: Նման ուսումնասիրություն առաջին անգամ է կատարվում: Արտառոց բան է: Աշխատել է միջազգային կենսաբանների թիմ, ԴՆԹ անալիզների համար ուղարկվել են Հայաստանում և Արցախում պեղված հուշարձանների մարդաբանական նյութերի նմուշներ: Սա հայոց պատմության, ծագումնաբանության համար շատ արժեքավոր փաստ է: Բացի այդ, դա շատ կարևոր է թե կենսաբանության, թե մշակութաբանության համար», - ասաց պավել Ավետիսյանը:
Սա նաև առաջին դեպքն է , երբ ամբողջ հոդված միտված է կարևորելու հայաստանյան նյութը՝ համեմատելով հարևան տարածքների հետ:
«Մեր երազանքն է եղել, որ այնքան նյութ ունենանք , որ հայաստանյան հնագիտական հուշարձանների հայտնաբերված նյութերից գենետիկական տվյալների բազա ունենանք և այդ տվյալների շարունակական ուսումնասիրություն կատարենք: Դրանից հետո մենք կկարողանանք վերականգել ողջ պատկերը. ինչ փոփոխություններ են եղել մարդաբանության տեսանկյունից, ինչ չափով են եղել, ինչ ժառանգական պատկեր ունենք Հայաստանի տարածքի համար անտիկ շրջանում, միջին դարերում և այլն: Ներկայումս մենք ունենք պատկեր առնվազն մայրական գծով ժառանգականության», - ասաց Պավել Ավետիսյանը:
Նա հավելեց, որ ապագայում պատրաստվում են հայրական գծով ժառանգականության համանման ուսումնասիրություն կատարել: