Հայերեն   English   Русский  

Այսօր դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է


  
դիտումներ: 2663

Հոլիվուդյան սրտակեր Թոմ Քրուզը դժբախտ մանկություն է ունեցել:

Դեռ 7 տարեկանում բժիշկները նրա մոտ հայնաբերել են մի հիվանդություն, որի դեպքում մարդու ուշադրությունը չի կենտրոնանում: Հիվանդը նայում է գրքին ու չի կարողանում տարբերել տառերը, չի կարողանում դրանք միացնել ու կարդալ: Դա շատ ծանր էր Թոմի համար: Դասընկերները զվարճանում էին, ծիծաղում նրա վրա, հատկապես որ արտաքին տեսքն էլ մի բանի նման չէր՝ վտիտ էր ու ցածրահասակ:

Թոմն իսկապես ճնշված ու կոմպլեքսավորված էր դպրոցական տարիներին: Նա արդեն հոգնել էր դպրոցից դպրոց տեղափոխվելուց, ուսուցիչները, որ ոչինչ չգիտեին այդ հիվանդության մասին, նորից ու նորից ստիպում էին նրան բացել գիրքն ու կարդալ, իսկ երբ Թոմը չէր կարողանում, նրանք ամեն անգամ զայրանում էին:

Դա մի իսկական դժոխք էր դարձել պատանու համար: Աղջիկները նրա վրա ուշադրություն չէին դարձնում, նախընտրում էին թիկնեղ ու բարձրահասակ տղաներին:

«Դպրոցական տարիներին ես ինձ դեբիլ էի զգում»,-ասում է Թոմը:

Բայց ահա, եկավ նաեւ նրա աստղային ժամը: Թոմը սկսեց մասնակցել դպրոցական բեմադրություններին, բեմի վրա նա փայլում էր ու լռեցնում բոլորին: Ահա այդպես Թոմ Քրուզը որոշեց դառնալ դերասան: Այսօր մեծ ճանաչման հասած դերասանն ասում է.

«Ես շատ ընկերներ ունեմ, սակայն երբեմն ինձ միայնակ եմ զգում: Ես հակված չեմ դեպրեսիայի մեջ ընկնելու, նյարդային չեմ, ուղղակի սովորական մարդ եմ, որ երբեմն մենակ մնալու կարիք ունի: Փառքը բացում է իր դռները շատերի առաջ: Շատ մարդիկ մտնում են այդ դռնով, բայց երբ արդեն օրը վերջանում է, ամեն մեկը գնում է իր տուն՝ փակելով դռներն իր ետեւից: Հենց այդ ժամանակ ես ուզում եմ մենակ մնալ իմ սիրած կնոջ հետ»:

Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Եռակի «Ոսկե գլոբուս» մրցանակակիր է և երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Կինոյի ասպարեզի բազմաթիվ ներկայացուցիչներ Թոմ Քրուզի դերասանական հմտության գագաթնակետը համարում են «Մանգոլիա» դրամայում իր աշխատանքը, որը նշվել է բազում մրցանակներում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: