ԵԳԻՊՏՈՍ
Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակից Եգիպտոսում զարգացած հասարակարգ և քաղաքակրթություն է եղել, սակայն դրա կրողները՝ ղպտիները, այսօր գրեթե անհետացման եզրին են: Եգիպտոսը հիմնականում բնակեցված է արաբներով, բեդվիններով, անապատի այլ ժողովուրդներով:
Ղպտիներն իրենց հինավուրց երկիրը կոչել են Տաուի կամ Տամերի, որ նշանակում է Սև երկիր: Նեղոս գետի հովտում տեղակայված շուրջ 40 քաղաք-պետություններ միմյանց հետ կապված էին առևտրական և տնտեսական հարաբերություններով: Նրանք աստիճանաբար միավորվեցին և ձևավորեցին երկու պետական կազմավորում՝ Հարավային և Հյուսիսային: Սրանք էլ շուտով պայքարի մեջ մտան միմյանց դեմ, և Հարավն ուժեղ գտնվեց: Մ.թ.ա. 3100 թ. Հարավի թագավոր Մենեսն իր իշխանության տակ միավորեց ողջ Եգիպտոսը:
Եգիպտոսի մայրաքաղաք հռչակվեց Մեմփիսը, հետագայում՝ Թեբեն:
Բրոնզե դարը նպաստեց եգիպտական հասարակության զարգացմանը: Սակայն պետական իշխանությունը ներքին և արտաքին տարբեր գործոնների ազդեցությամբ մերթընդմերթ թուլանում էր: Եգիպտոսում իսկական քաոս ու անիշխանություն էր սկսվում:
Մ.թ.ա. XVIII դարում նման մի իրավիճակում Եգիպտոսը գրավեցին հիքսոսների հայկական ցեղախմբերը: Հիքսոսները Եգիպտոսին տիրեցին մեկ դարից փոքր-ինչ ավելի: Սակայն նրանց տիրակալությունը Եգիպտոսի համար բռնակալություն չէր: Հիքսոսները Եգիպտոս ներմուծեցին մի քանի կարևոր հայտնագործություններ, որոնք հետագայում նպաստեցին եգիպտական հասարակարգի զարգացմանը: Մասնավորապես՝ Եգիպտոս ներմուծեցին անիվը, մարտակառքը, ձին և, որ ամենակարևորն է, երկաթը: Առհասարակ հիքսոսները Եգիպտոսը գրավեցին փոքրաթիվ ուժերով: Եվ նրանց առավելությունը եգիպտական մեծաքանակ բանակի նկատմամբ հենց ռազմի ասպարեզում երկաթի կիրառությունն էր: Եգիպտական զորքը կռվում էր փայտե սրերով, եգիպտացիք զրահներ չունեին, իսկ երկաթով սպառազինված հիքսոսների համար, բնականաբար, դժվար չէր ջախջախել եգիպտացիներին:
Մ.թ.ա. XVI դարում հիքսոսները հեռացան: Եգիպտոսը կրկին միավորվեց ու դարձավ հզոր տերություն: Ձևավորվեց նոր թագավորությունը՝ Թեբե մայրաքաղաքով: Նոր թագավորության շրջանում Եգիպտոսը Սիրիայում, Միջագետքում և Պաղեստինում տիրապետության համար արյունահեղ պատերազմներ էր մղում Միտտանիի հայկական թագավորության դեմ:
Սակայն Եգիպտոսում հայկական ազդեցությունը չթուլացավ: Հայ-եգիպտական շարունակական պատերազմները թուլացրին ու կազմալուծեցին երկու պետությունները: Ի վերջո կնքվում է հաշտություն, որն ամրապնդելու համար Միտտանիի հայոց արքայադուստրերը, որպես կանոն, կնության էին գնում Եգիպտոսի փարավոններին: Այս քաղաքականության շնորհիվ հայոց արքաները եգիպտական գահը պահում էին իրենց ազդեցության ներքո:
Միտտանիի արքայադուստրերից էր նաև Նեֆերտիտին, որ հաստատվեց Եգիպտոսի գահին: Նա Եգիպտոսում Էխնաթոն փարավոնի անունից իրականացրեց առաջին կրոնական բարեփոխումն աշխարհում: Նեֆերտիտին Եգիպտոս մտցրեց արևի պաշտամունքը:
Ի դեպ, այս բարեփոխումն ուներ նաև սոցիալական խոր արմատ: Եգիպտոսում քրմական դասն այնքան էր հարստացել և ազդեցություն ձեռք բերել, որ հաճախ քրմերը ձեռնոց էին նետում փարավոններին: Եվ քրմերին ճնշելու, արքայական իշխանությունն ուժեղացնելու նպատակով նաև Նեֆերտիտի թագուհին ձեռնամուխ եղավ կրոնական բարեփոխումներին:
Եգիպտոսի հզորացման նոր շրջանը կապված է Ռամզես Երկրորդ փարավոնի (մ.թ.ա. 1279-1213) անվան հետ, որ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարում էր հզորացած խեթական թագավորության դեմ: Սակայն կողմերն այդպես էլ վճռական հաջողության չհասան: Կնքվեց ընդմիշտ խաղաղության պայմանագիր:
Մ.թ.ա. X դարից սկսած՝ Եգիպտոսի թագավորությունն անկում ապրեց: Պետությունը թուլացավ, տրոհվեց: Մ.թ.ա. 670 թ. Ասորեստանի Ասարխադդոն արքան գրավեց Եգիպտոսը: 15 տարի անց Պսամետտիխ Ա փարավոնը վտարեց ասորական բանակները երկրից: Նա մայրաքաղաք հռչակեց Սայիսը և երկրում անդորր ապահովեց: Սակայն դա երկար չտևեց: Մ.թ.ա. 525 թ. Եգիպտոսը գրավեց աքեմենյան Կամբյուսես Բ արքան:
Բայց պարսկական տիրակալությունն էլ երկար չտևեց Եգիպտոսում: Մ.թ.ա. 332 թ. Ալեքսանդր Մակեդոնացին պարսիկներից գրավեց Եգիպտոսը: Ալեքսանդրն այստեղ արևապաշտություն ընդունեց և հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը, որ հետագայում հսկայական դերակատարություն ունեցավ Հին աշխարհի պատմության մեջ:
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո՝ մ.թ.ա. 305 թ., Եգիպտոսն անցավ նրա զորավարներից Պտղոմեոսին, որն այնտեղ գահ բարձրացավ և հիմք դրեց Պտղոմեոսյան դինաստիային: Այս դինաստիայից նշանավոր էր Կլեոպատրա թագուհին, որ իր վարքով, բարքերով, հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ մեծ հետք է թողել համաշխարհային պատմության մեջ:
30 թ. հռոմեացիները վերջնականապես գրավեցին Եգիպտոսը: Այն վերածվեց հռոմեական պրովինցիայի: Եգիպտոսն էր Հռոմին հացահատիկ մատակարարող հիմնական երկիրը և Հռոմի, այսպես ասած, խոշարագույն պահեստը: IV դարում Եգիպտոսն անցավ Բյուզանդիային և մնաց նրա կազմում մինչ արաբական արշավանքները:
Երբ ձևավորվեց արաբական խալիֆայությունը, արաբներն առաջիններից հենց Եգիպտոսին հարվածեցին: Արաբների նվաճումների հետևանքով Եգիպտոսում շատ բան փոխվեց: Փոխվեց նաև բնակչության էթնիկ կազմը: Ղպտի առաքելական եկեղեցին թույլ էր ղպտիների ազգային շահերը պաշտպանելու համար: Եգիպտոսի տարածքում աստիճանաբար մեծամասնություն կազմեցին այստեղ հաստատված արաբները, բերբերները:
972 թ. Եգիպտոսի կառավարիչ Ֆաթիմյան խալիֆները հիմնադրեցին Կահիրեն: XII դարում Սալահ ադ-Դինը գրավեց Եգիպտոսը: Այստեղ հաստատվեց Այուբյանների հարստությունը, և Եգիպտոսը դարձավ Արևելքի հզորագույն էմիրություններից մեկը, որ պայքար էր մղում խաչակիրների, հետագայում՝ մոնղոլների դեմ:
Զարգացած միջնադարում Եգիպտոսում կրկին մեծացավ հայության դերն ու ազդեցությունը: Այստեղ հաստատվեցին Պահլավունի իշխաններն իրենց ստվարաթիվ զորքով: Պահլավունիները շուրջ մեկ դար երկրի գլխավոր վեզիրներն էին: Նրանք Եգիպտոսին տվեցին զորավարներ, ծովակալներ, շինարարներ, կառուցեցին, շենացրին երկիրը: Ահավասիկ անուններ՝ Բեդր ալ-Ջամալի, Կղեմես ալ-Աֆդալ, Աֆդալ Աբուլ-կասիմ, Բհրամ ալ-Արմանի, Ղլասբին Ասասլիհ, Վարդան ալ-Ռումի…
XIII դարի կեսին՝ 1250 թ., Եգիպտոսում հեղաշրջում կազմակերպեցին մամլուքները:
Այուբյանների սուլթանության և Կիլիկիայի հայոց թագավորության միջև շարունակ թշնամանք էր տիրում: Դառնալով Հայ առաքելական եկեղեցու և Վատիկանի կամակատարներն ու շահերի պաշտպանը Արևելքում՝ Կիլիկիայի հայոց արքաները շարունակ խաչակրաց արշավանքներ էին հրահրում Եգիպտոսի դեմ: Դա հանգեցրեց նրան, որ 1375 թ. ընկավ հայոց Սիս մայրաքաղաքը, հայոց վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը գերվեց:
XVI դարում Եգիպտոսը գրավեցին Օսմանյան թուրքերը: Մինչ XIX դարը երկիրը թուրքերի տիրապետության տակ էր: Միայն 1805 թ. Մուհամմեդ Ալի փաշան Եգիպտոսն անկախացրեց թուրքերից: Սակայն XIX դարի ողջ ընթացքում Եգիպտոսը ձեռքից ձեռք էր անցնում. անգլիացիները, ֆրանսիացիները, թուրքերն այստեղ պայքար էին մղում իրենց իրավունքների համար:
1922 թ. Եգիպտոսը վերջնականապես անկախացավ և ճանաչում ստացավ: Ահմեդ Ֆաուդ Ա-ն հռչակվեց թագավոր: 1953 թ. հեղափոխության արդյունքում Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն:
Հայերը Եգիպտոսում այժմ մեծ թիվ չեն կազմում: Բայց հայկական հետք և հիշողություն Եգիպտոսում շատ կա: Եգիպտացիներն այսօր բարի անունով են հիշում հայկական Նուբարյան ընտանիքին: Նուբար փաշա Նուբարյանը եղել է Եգիպտոսի երկրի արտաքին գործոց նախարար, վարչապետ: Եգիպտոսում մեծ բարեգործություններ է արել Պողոս Նուբարը:
Եվս մի քանի հետաքրքրաշարժ փաստեր Հին Եգիպտոսից.
Եգիպտական հասարակարգում կինն ու տղամարդն ունեին հավասար ընտանեկան և սոցիալական իրավունքներ:
Եգիպտացիները հուղարկավորության հատուկ ծես ունեին, նրանք զմռսում էին դիակը՝ մումիա սարքում: Հատուկ բույսերից ստացված նյութ էին ներարկում դիակի հետանցքից, փակում այն: Օրեր անց բացում էին հետանցքը և թափում արդեն լուծույթի մեջ լուծված փորոտիքը: Իսկ ուղեղը հանում էին քթանցքերից:
Եթե մահացածը կույս աղջիկ էր, անպատվաբեր էր նրան թաղել կույս վիճակում: Կային հատուկ քրմեր, որոնք կուսազրկում էին մահացածին:
Հին եգիպտացիները՝ տղամարդ թե կին, օգտագործում էին դիմահարդարման միջոցներ: Կոսմետիկ միջոցները երբեմն խորհրդանիշ ու տարբերանշան էին: Օրինակ՝ շրթներկով տարբերում էին մարմնավաճառներին: