Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ
Ինչ, խոսք, վրդովված ենք, որ այս անգամ էլ Հայաստանի ընտրանին չկարողացավ խմբից դուրս գալ: Ընդ որում, դա մոտ էր թվում: Բայց մեր երկրի հավաքականը զարմանալիորեն պարտվում էր տանը և իր մրցակիցներին լուրջ խնդիրներ առաջադրում, նաև հաղթում հյուրընկալվելիս: Պատճառները տարբեր են, սակայն պարտությունների գլխավոր պատասխանատուն մարզիչն է:
Եվ հետաքրքրում էր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակե՞լու է աշխատանքը, թե՞ իր տեղը պետք է զիջի ավելի բանիմաց մասնագետի: Ի դեպ, լրագողների հետ հանդիպումների ժամանակ նա քանիցս հարցին հարցով է պատասխանել, թե ինքը երբև է ասե՞լ է, որ հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Մինասյանը ոչինչ չխոստացող մարզիչ է և ինչ-որ բանի հասնելու հույս չի թողնում: Ինքնապահովման, թե ուրիշ նպատակով է դա արվել` պարզ չէ, սակայն այդ մտածողությամբ հաջողության հասնելն անհնարին է: Ձախողումներից հետո մարզչի տված հրաժարականը չընդունվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ նա պետք է մնա:
Այսպես թե այնպես, Մինասյանի ՀՖՖ-ի ղեկավարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է հոկտեմբերի 31-ին: Քանի որ պարզ չէ, թե 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ ինչ ներուժի հավաքական կունենանք, անպայման պետք է ձգտել, որ մեր թիմը պայքարի և իրավունք ստանա խաղալու 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում:
Ներկայիս հավաքականն իր կորիզը պահպանելու է, իսկ մարզչի հարցի մասին պետք էր մտածել` կարիք կա՞ կրկին վստահել Վարդան Մինասյանին, եթե նա արդեն քանիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ այնպես օգնելու մեր հավաքականին, որ նա խմբից դուրս գալու խնդիրներ լուծի:
Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Մինասյանը հրապարակավ հայտնեց, որ այլևս չի գլխավորելու հավաքականը:
Այժմ պահանջվում է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:
Ինչ խոսք, Մինասյանի մնալը ՀՖՖ-ի ղեկավարությանը ձեռնտու էր, և ՀՖՖ նախագահն էլ առաջարկել էր նրան մնալ: Բանն այն է, որ բարձրակարգ մարզիչներին մեծ փողեր պետք է վճարել: Մի նրբություն էլ կա: Գաղտնիք չէ, որ ՀՖՖ նախագահը միջամտում է ֆուտբոլային բոլոր հարցերին, այդ թվում նաև հավաքականի հետ կապված հարցերին, և իրեն հարգող մասնագետը դա կարող է չհանդուրժել:
Թե ինչ է լինելու Հայաստանի հավաքականի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ, սակայն նախկինում թույլ տրված սխալը չպետք է կրկնել: Թիմին առաջին հերթին արժանի, ինքնուրույն գործող մարզիչ է անհրաժեշտ: Դա դժվարին, բայց լուծելի խնդիր է: