Այս իշխանությունները չեն համապատասխանում հռչակագրի պահանջներին. Արամ Սարգսյան
Այսօր լրագրողների հետ հանդիիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով օգոստոսի 23-ի տոնի խորհուրդին:
Ըստ նրա՝ հռչակագիրը ամփոփեց «պերեստրոյկայի» տված ազատությունների հնարավորությունները.«Կոպիտ սխալ կլիներ, եթե մենք Հայաստանը չհռչակեինք անկախ: Հայ ժողովուրդը ստացավ վկայական, որն էլ հնարավոր չէ ջնջել»:
Պարոն Արշակյանն ընդգծեց՝ 20-րդ դարը հայ ժողովրդի համար ծանրագույն շրջան էր, երբ տեղի ունեցան ցեղասպանությունը, ստալինյան բռնությունները, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները. «Անկախության հռչակագիրը հազարամյակների համար լուսավոր և ցանկալի կետ է»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ մեծ մեծ հույսեր էին կապում ազատության հետ.«Սպասում էինք, որ կլինենք քաղաքակիրթ, ամուր պետություն: Այն միասնությունը, որ կար Ղարաբաղյան շարժման ժամանակ, շատ ոգևորեց բոլորին: Հռչակվեց անկախությունը, բայց ժողովրդի երազած ծրագիրը չիրագործվեց: Ցավոք, իշխանության եկած մարդիկ լրիվ այլ ճանապարհով գնացին»:
Ըստ նրա՝ արտագաղթը շատ աննորմալ երևույթ է, երբ անկախ պետությունը դուրս մղեց իր ժողովրդին իր հայրենիքից: Իշխանությունը չօգտագործեց բոլոր հնարավորությունները, որ արդար պայմաններ ստեղծեր երկրում.«Հռչակագրի սկզբունքները չիրականացվեցին: Մենք ընդամենը թվացյալ կարող ենք համարվել անկախ: Այսօրվա իշխանությունները և երեկվա իշխանությունները անկախ չեն, նրանք ընկան ճնշման տակ, որովհետև ենթարկվեցին դրսի կամքին՝ դա Համաշխարհային բանկն էր, ԱՄՀ-ն էր, մյուս գերտերություններն էին, անկախությունից բան չմնաց: Ցավում եմ, որ ժողովուրդը շատ բան չիմանալով հավատաց այդ մարդկանց, կարծեց, թե իրոք եկել են նրանք, ովքեր ուզում են մեր երկիրը դարձնել դրախտ: Դարձրին մի հատ … ինքներդ գիտեք՝ ինչ »,- ասաց նա՝ շեշտելով, որ այս իշխանությունները չեն համապատասխանում հռչակագրի պահանջներին:
Ազատ Արշակյանն ընդգծեց, որ այսօր Հանրապետության նախագահը պետք է ՀՀ-ում լիներ.«Երկրի առաջին դեմքն էլ գնացել է խանի մոտ՝ խոնարհման: Բա չե՞ն ասել, որ այսօր տոն է: Ես հասկանում եմ, որ աղետների ժամանակ նա միշտ բացակայում է, բա տոնե՞րը: Այսօր տոն էր, նա առաջինը պետք է շնորհավորեր հայ ժողովրդին»: