Նախագահն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար:
Նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ են դառնում երեխաների և այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում է՛լ ավելի աշխատասեր ու նպատակասլաց:
Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին սպորտի զարգացման և մարզիկների նկատմամբ մշտական ուշադրություն ու հոգածության համար՝ ընդգծելով, որ դա ամեն անգամ ավելի է ոգևորում և պարտավորեցնում հասնել նոր հաջողությունների: