ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Այդ պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի թագավորության միջև: Պայմանագիրը կնքվել է իրավահավասար հինգ լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, թուրքերեն, բուլղարերեն: Ճիշտ է, պայմանագրում հանդես է գալիս հինգ պետություն, սակայն այն համարվում է երկկողմ, քանզի իրավական առումով կնքված է Խորհրդային Ռուսաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում որպես դաշնակիցներ հանդես եկող Առանցքի երկրների (Քառյակ դաշինք) միջև: Սույն պայմանագրով Խորհրդային Ռուսաստանն իրեն պարտված էր ճանաչում պատերազմում և դուրս էր գալիս պատերազմից:
Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն առաջին հերթին խայտառակ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի համար: Դա բոլշևիկյան իշխանությունների իրականացրած առաջին մեծ հարվածն էր Ռուսաստանին և ոչ միայն Ռուսաստանին: Գրավելով իշխանությունը՝ բոլշևիկներն անմիջապես ցույց տվեցին, որ իրենց համար չկան սրբություններ ու սահմաններ: Նրանք պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ հանուն իշխանության պահպանման և ամրապնդման:
Առաջին համաշխարհային պատերազմում, մինչև 1917 թվականի գարունը, Ռուսաստանը հաղթում էր թե՛ Արևմտյան, թե՛ Կովկասյան ճակատներում: Ռուսական զորքերը արևմուտքում և Բալկաններում գերակա դիրքեր ունեին թշնամիների նկատմամբ, իսկ Կովկասյան ռազմաճակատում, աջակից ունենալով հայությանը, գրավել էին ողջ Արևմտյան Հայաստանը:
Սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակեց, և Ժամանակավոր կառավարությունը երկրի ներքին խնդիրներին անդրադառնալու համար ստիպված էր զինադադար խնդրել: Իսկ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկները գրավեցին իշխանությունն ու ստանձնեցին հսկայական երկրի միանձնյա կառավարումը:
Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Լենինի կառավարությունը պատրաստ էր մեծ զիջումների և անպատիվ խաղաղության գնով բոլոր ուժերն ուղղել Ռուսաստանի ներքին խնդիրների լուծմանը և քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակն ապահովելուն:
Արդեն 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկում, իր նախկին դաշնակիցներից անջատ, բանակցություններ սկսեց Առանցքի երկրների հետ: Ռուսներն իրենք էին խաղաղության դիմաց հողեր առաջարկում նախկին թշնամիներին՝ պատրաստ մեծ զոհողությունների գնով ապահովել այնքան բաղձալի խաղաղությունը՝ Ռուսաստանում բոլշևիկյան իշխանության հաստատման ու ամրապնդման համար:
Լենինի լիազորությամբ բոլշևիկների կողմից բանակցությունները վարում էր ազգությամբ հրեա դիվանագետ Իոֆֆեն:
Պայմանագրի՝ Գերմանիայի կողմից առաջ քաշած նախագծով Մերձբալթիկան և Լեհաստանն անցնում էին Գերմանիային:
Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել ևս մեկ նման դեպք, երբ պատերազմում պարտված ու ջախջախված երկիրը (Գերմանիան), ուղղակի բախտի բերմամբ, մեծ ձեռքբերումներ է ունենում և պատերազմից դուրս գալիս որպես հաղթող երկիր:
Օգտվելով Ռուսաստանի թուլությունից՝ բանակցությունների ժամանակ Քառյակ միության երկրներն ավելի մեծ պահանջներ դրեցին Ռուսաստանի առջև, ինչը կատարելուց բոլշևիկները հրաժարվեցին, այնուամենայնիվ, հետ քաշեցին զորքերը այն բնագծերը, որոնք պատրաստ էին զիջել: Սակայն դա դաշնակիցներին չխանգարեց փետրվար ամսին ողջ ճակատով դարձյալ հարձակման անցնել, ինչը ստիպեց Ռուսաստանին հաշտության պայմանագիրը ստորագրել Գերմանիայի պահանջներին համապատասխան:
Փետրվարի 22-ին կնքվեց զինադադար և Ռուսաստանին տրվեց 48 ժամ վերջնագիրը ստորագրելու համար:
Ի վերջո, Ռուսաստանը տեղի տվեց, և Պետերբուրգից Բրեստ մեկնեց բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ հրեա Սոկոլնիկովը՝ ստորագրելու Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը:
Պայմանագիրը ստորագրվեց մարտի 3-ին և Ռուսաստանի կողմից վավերացվեց մարտի 8-ին՝ ՌԿ(բ)Կ 7-րդ համագումարում:
Ռուսաստանը ոչ միայն հսկայական տարածքներ էր զիջում արևմուտքում, այլև պարտավորվում էր Թուրքիային վերադարձնել Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված հայկական հողերը: Ավելին, Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնում թուրքերին վերադարձնել նաև 1878 թվականին Ադրիանապոլսի և Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին կցված Կարսի, Արդահանի շրջանները: Ի դեպ, Բրեստ-Լիտովսկի պայմանագրում Հայկական հարցին վերաբերում է 4-րդ հոդվածը:
Ուշագրավ է, որ Կարսի և Արդահանի շրջանները Թուրքիային հանձնելու պահանջը ներկայացրին ոչ թե Թուրքիայի, այլ Գերմանիայի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրեց շուրջ 1 միլիոն քկմ տարածք, իր բնակչության շուրջ կեսը, նախկին ռուսական կայսրության տնտեսական հզորությունների երրորդ մասը:
Սակայն Ռուսաստանի նվաստացումները Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ չավարտվեցին: 1918 թվականի օգոստոսին Բեռլինում կնքված համաձայնագրով բոլշևիկները պարտավորվեցին Գերմանիային վճարել հսկայական՝ 6 միլիոն մարկ ռազմատուգանք:
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը ողբերգություն էր ոչ միայն Ռուսաստանի, այլև շատ ուրիշ ազգերի, հատկապես՝ հայերի համար: Հայությունը, որ այս պատերազմի հետ շատ մեծ հույսեր էր կապում և իր ազգային իղձերի իրականացումը տեսնում էր Ռուսաստանի հետ, հասկացավ, որ հերթական անգամ դավաճան ռուսների լարած թակարդում է հայտնվել:
Միաժամանակ Անդրկովկասում ձևավորվել էր առանձին իշխանություն՝ Անդրկովկասյան Սեյմը, որը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրի՝ հայկական հողերի մասին հոդվածները: Այդ հոդվածները քննարկելու համար Տրապիզոնում Սեյմի ներկայացուցիչները (Չխենկելի, իսկ հայկական կողմից՝ Ա.Խատիսյան, Հովհ.Քաջազնունի) մարտի 17-ին առանձին բանակցություններ սկսեցին Թուրքիայի հետ:
Թուրքերը պահանջում էին Անդրկովկասի անկախությունը Ռուսաստանից, Կարսի և Արդահանի մարզերի հանձնումը, ինչպես նաև հրաժարվում էին հայկական ցանկացած ինքնավարության նախագծից, թեկուզ՝ Թուրքիայի կազմում:
Չխենկելին, ունենալով արտակարգ լիազորություններ, պատրաստակամություն հայտնեց բավարարել թուրքերի բոլոր պահանջները:
Ապրիլի 9-ին Անդրկովկասն անկախ հռչակվեց: Սակայն դրանով բանակցություններն ավարտվեցին, քանի որ Սեյմի հայ պատվիրակությունը հրաժարվեց ընդունել թուրքական պահանջները:
Այս խայտառակ պայմանագրի գործածությունը, բարեբախտաբար, կանխվեց ռազմաճակատում Անտանտի երկրների զորքերի հաջողությունների շնորհիվ: Նախ՝ 1918 թվականի նոյեմբերի 18-ին, Գերմանիայում հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում նոյեմբերի 13-ին Բրեստ-Լիտովսկի հաշտությունը չեղյալ հայտարարվեց, առհասարակ Գերմանիան, իրեն պարտված ճանաչելով, դուրս եկավ պատերազմից:
Իսկ Օսմանյան Թուրքիան, իրեն պարտված ճանաչեց պատերազմում և 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրեց Մուդրուսի հաշտության պայմանագիրը, որով հրաժարվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրից: