Հայերեն   English   Русский  

ԱՄՆ սենատի կոմիտեն հաստատել է Մ.Ալիևի կալանքի հեռ առնչություն ունեցող անձանց նկատմամբ պատժամիջոցները


  
դիտումներ: 780

Ամերիկացի սենատոր Ռիչարդ Դուրբինը Կոնգրեսի վերին պալատ ներկայացրել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը, փաստաթուղթը նախտեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր առնչություն են ունեցել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի կալանքի հետ:

Փոփոխված փաստաթղթում առկա է Միացյալ Նահանգների պետքարտուղարին ուղղված խնդրանք՝ որոշելու այն անձանց, որոնց վրա կտարածվեն այդ պատժամիջոցները:

Միացյալ Նահանգների Սենատի՝ հատկացումների կոմիտեն հավանություն է տվել 2018-ի ֆինանսական տարվա արտասահմանյան գործառնությունների մասին օրինագծի փոփոխությանը, որով նախատեսվում է ադրբեջանցի պետական գործիչների նկատմամբ վիզային պատժամիջոցներ: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի Սենատի լիագումար նիստում:

Իլինոյիս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Դուրբինը կոնգրեսի ամենալիբերալ անդամներից է: Վերջինս փոքրամասնության առաջնորդի օգնական է, 2015 թ-ից Սենատի դեմոկրատական ղեկավարության առավել ազդեցիկ երկրորդ անդամ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարկային ոլորտի ադրբեջանցի պաշտոնյաները «Թուրան»-ին մեղադրում են 2014 թ-ից ստացած շահույթի նվազեցման մեջ և պահանջում են հարկերի ու այլ վճարների տեսքով վճարել 37 հազար մանաթ (18 հազար եվրո): 2017 թ-ի օգոստոսի 16-ին «Թուրան»-ի գրասենյակում խուզարկում է իրականացվել: Հարկայինների կողմից ներկայացված դատական որոշմամբ գրասենյակում խուզարկում նախատեսված չի եղել, սակայն նրանք ամեն դեպքում դա արել են: «Թուրան» գործակալության հետապնդումը սկսվել է այն բանից հետո, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվճար բնակարաններ է տրամադրել լրագրողներին` հայտարարելով նրանց աջակցելու մասին: Սակայն շատերը պնդում են, որ բնակարաններ և այլ արժեքավոր նվերներ տրամադրվել են այն լրագրողներին և ԶԼՄ-ների աշխատակիցներին, որոնք չեզոք են իշխանությունների նկատմամբ:

Ադրբեջանում Յասամալի շրջանային դատարանը «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երեք ամսով կալանքը: «Թուրան»-ը ստեղծվել է 1990 թվականին և փաստացիորեն հանդիսանում է Ադրբեջանում դեռևս գործող վերջին անկախ մեդիա կառույց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: