Հայերեն   English   Русский  

Հայաստանն անմատչելի է մնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար


  
դիտումներ: 2092

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 4000 մարդ, ովքեր օգտվում են սայլակից: Սակայն նրանց հազվադեպ կարելի է տեսնել Երևանում զբոսնելիս: Պատճառներից գլխավորն այն է, որ մայրաքաղաքն այսօր շարունակում է անմատչելի մնալ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար:

Հայաստանը 2010 թվականի վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, համաձայն որի՝ պետությունը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրումն ապահովելու համար: Սակայն մինչև այսօր այդ խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են կրթական հաստատությունները, մշակույթի օջախները, հասարակական տրանսպորտը, ճանապարհները… շարքը կարելիէ շարունակել: Շենքերում, եթե մուտքը մատչելի է, երկրորդ հարկ բարձրանալը հիմնականում անհնար է:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության կատարած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Երևանի 9 վարչական շրջաններում սայլակով տեղաշարժվելու համար 53 անմատչելի խաչմերուկ կա, իսկ դրանց հարող մայթերին խոչընդոտների թիվը գերազանցել է 100-ը:

«Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը գտնում է, որ մայրաքաղաքում բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնցից գլխավորը մնում են թեքահարթակները: Չնայած վերջին տարիներին թեքահարթակների թիվն աճել է, դրանք սխալ կառուցման պատճառով անմատչելի են դառնում անգամ հաշմանդամություն չունեցող մարդկանց համար. «Թեքահարթակը մեկ մետր բարձրության համար առնվազն 10 սմ լայնություն պետք է ունենա։ Վերջին շրջանում քաղաքապետարանը հետևում է, որ այդ ստանդարտները պահպանվեն, ինչը չի կարելի ասել մարզերի մասին. այնտեղ վիճակն ահավոր է։ Մասնավոր սեկտորը պարզապես դեկորատիվ թեքահարթակներ է կառուցում, որոնցից ընդհանրապես հնարավոր չէ օգտվել», - նշում է Օհանջանյանը:

2006 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ եթե շինություններ են կառուցվում կամ վերանորոգվում, ապա թեքահարթակները նույնպես պետք է կառուցվեն, բայց այդ օրենքը մասամբ է գործում: «Թեև ես ունեմ հենաշարժողական խնդիր, բայց չեմ օգտվում թեքահարթակներից, օգտվում եմ քայլակից, բայց դա էլ է դժվար: Խնդիրներից մյուսը լուսացույցներն են, երբ փողոց եմ անցնում, դանդաղ եմ քայլում և չեմ հասցնում անցնել. խնդիրներն շատ են: Այն բաները, որոնք մանրուք են թվում, իրականում տվյալ պահին մեծ խնդիր են դառնում», - ասում է Սերյոժան:

Ըստ քաղաքապետարանի նախագծի՝ հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժը մատչելի դարձնելու համար 2013թ. ծրագրերով փողոցների խաչմերուկներում և բանուկ մասերում կառուցվել է 274 թեքահարթակ։ 2014-ին ծրագրվում է կառուցել 200 թեքահարթակ:

Սերյոժա Օհանջանյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարում է վերջին երկու տարիների ընթացքում քաղաքապետարանը, ճիշտ է անում, սակայն դա բավարար չէ, ռեսուրսներ քիչ են հատկացվում:

Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզ դարձավ , որ մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումը վերակառուցումից հետո չունի թեքահարթակ: Սակայն խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները նշում են՝ գետնանցումներում թեքահարթակների կառուցումը, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի. «Գետնանցումներում թեքահարթակներ կառուցելուն ես դեմ եմ. դրանք իմաստ չունեն, ուժի և միջոցների վատնում են: Հիմնականում դրանք այնքան թեք են ստացվում, որ 99 տոկոսի դեպքում անիմաստ են դառնում: Եվ նույնիսկ մանկասայլակով դուք կվախենայիք այնտեղ քայլել: Դրա համար ավելի լավ է 10 տեղում նման անիմաստ թեքահարթակ կառուցելու փոխարեն, մի հատ վերելակ կառուցվի», - ասում է «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:

Դեռևս անլուծելի է մնում տրանսպորտի հարցը: «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելվում են որևէ տրանսպորտային միջոցի մշակումը և օգտագործումը, եթե այն մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձի համար: Իսկ ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ սոցիալական ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները պետք է մատչելի լինեն: Այս ամենը նույնպես շարունակում է մնալ միայն թղթի վրա. «Տրանսպորտի մասին խոսելն լրիվ անիմաստ է, որովհետև այսքան ժամանակ ունենք մեկ տրոյլեբուս հարմարեցված, քաղաքապետարանը չորս տարի է խոստանում է, որ տրանսպորտը կհարմարեցվի, սակայն ամեն անգամ ձգձգվում է այդ հարցը», - ասում է Սերյոժա Օհանջանյանը:

Տրանսպորտի և ճանապարհների անմատչելիությունը դառնում են լրացուցիչ խոչընդոտներ, երբ հաշմանդամություն ունեցող անձը ընդունվում է աշխատանքի. «Աշխատանք գտնելու դեպքում առաջանում է այլ խնդիր. ինչպես պետք է ամեն օր տվյալ անձը հասնի աշխատավայր, եթե ճանապարհը մատչելի չէ: Այնինչ իրենց հետ, որ խոսում ենք, նրանք էլ են ուզում աշխատել, լիարժեք ինտեգրվել հասարակական կյանքին և ամեն ինչից օգտվեն հավասար պայմաններով. սա նրանց սահմանդրական իրավունքն է Ի՞նչ է նրանք պետք է մնան իրենց սենյակներում, իրենց համակարգիչների առջև և սահմանափակվե՞ն դրանով», - Սերյոժա Օհանջանյանի հնչեցրած հարցերին պատասխան չի տրվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: