Հայերեն   English   Русский  

Նոր փաստաթուղթը Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր շրջանակների մեջ կդնի. Ալեքսանդր Իսկանդարյան


  
դիտումներ: 1006

Եվրամիությունը պատրաստվում է համագործակցության նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ նոյեմբերին:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ փաստաթղթի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չի տեսնում:

«Փաստաթուղթը գործնականում պատրաստ է: ԵՄ-ի հետ համաձայնություն կա, հայկական կողմից ևս ամեն ինչ նորմալ է: Քաղաքական խոչընդոտներ այսօրվա դրությամբ չկան»,- ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ բնական է, որ մինչև նոյեմբեր դեռ շատ ժամանակ կա, սակայն փաստաթղթի ստորագրման հավանականությունը բարձր է:

Ինչ վերաբերում է համաձայնագրի կարևորությանը, ապա այն ունի ներքաղաքական լուրջ նշանակություն. Այն ընկալվում է որպես կարևոր նշան: Իսկ արտաքին քաղաքականության տեսանկյունից, սա մի փաստաթուղթ է, որը կկարգավորի ՀՀ հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նախորդ պայմանավորվածությունը արդեն բավականին հին է.«Այս փաստաթուղթը Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր շրջանակների մեջ կդնի Արևելյան գործընկերության պայմաններում, ինչն, ընդհանուր առմամբ, վատ չէ: Սակայն գերագնահատել այս փաստաթուղթըչարժե: Աշխարհը դրանից չի շրջվի: Մեզնից առաջ այս համաձայնագիրը կնքած պետությունները Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայի կտրուկ չվերածվեցին Նիդերլանդների կամ Շվեյցարիայի: Հարաբերությունների նման ձևակերպում ամեն դեպքում պետք էր և նշանակում է դրանց զարգացում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագիրը կազմվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո, այդ միությունների հետ համագործակցելն իրար հակասել չի նշանակում:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ բոլորին էլ, այդ թվում՝ «Ելք»-ին, պարզ է՝ ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս չի գա. «Նրանք գիտեն այդ մասին և վերաբերվել նրանց որպես 3 տարեկան երեխաների, սխալ կլիներ: Հայաստանը ոչ միայն ԵՏՄ-ից դուրս գա, այլև անգամ օրինագիծը խորհրդարանումչի ընդունվի: Այդ մասին խոսելն անգամ անհարմար»:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ԱԺ-ում հայտնված որոշ կուսակցություններ, որոնք քիչ ռեսուրսներ ունեն, կարիք ունեն հասնելու իրենց ընտրողին.« ՀՀԿ-ն 2 շաբաթը մեկ սկանդալ ստեղծելու կարիք չունին: Նրանք աշխատանքային այլ ոճ ունեն: Ելք-ի նման կուսակցությունները խնդիր ունեն ժամանակ առ ժամանակ հանդես գալու աղմկոտ նախաձեռնություններով, որոնք տարբեր հարթակներում ակտիվորեն կքննարկվեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: