Սոֆի Լորենն 85 տարեկան է
Դերասանուհու կարծիքով ամեն ինչ պետք է սկսել կերպար ստեղծելուց. «Ես միշտ ապշել եմ`տեսնելով, թե որքան են կոստյումը, դիմահարդարումն ու սանրվածքը նպաստում կերպարի ստեղծմանը»:
Նա ամբողջ կյանքում ապացուցում է, որ իր անունը' Սոֆին (հունարենից թարգմանաբար' իմաստնություն), իրոք ճիշտ է ընտրված: Շատերն են գեղեցկության մրցույթների թագ ստանում ու սեքս-խորհրդանիշ ճանաչվում, բայց նրանցից քանի՞սն են նաև իմաստուն, քանի՞սն են, որ մտել են կինոյի անմահ պատմություն ու 70 տարեկանից հետո էլ դեռ գեղեցկուհի են համարվում... Քչերը: Ու այդ քչերից է նա' ամենագեղեցիկ իտալուհին, տաղանդավոր դերասանուհին։
Գեղեցկուհու համբավը, սակայն, այն չէր, ինչ փնտրում էր Սոֆիյան: Նա դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալու մասին: Գուցե դեռ չգիտեր, որ իր դերասանական ուղին անցնում է գեղեցկության մրցույթի բեմով:
Մի անգամ երեկոյան Սոֆիյան իր ընկերուհիների հետ գնաց ակումբ, որտեղ պետք է անցկացվեր «Միսս Հռոմ» գեղեցկության մրցույթը: Հանկարծ նա իր հետևում զգաց մի տղամարդու անքթիթ հայացք. դա հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիի հայացքն էր: Ուղղակի ապշած երիտասարդ գեղեցկուհու արտաքինով' Պոնտին ոչ ավել ոչ պակաս առաջարկեց նրան հանպատրաստից մասնակցել գեղեցկության մրցույթին: Ինքն էլ զարմանալով' Սոֆիյան ընդունեց առաջարկը և հայտնվեց երկրորդ հորիզոնականում:
Գուցե Սոֆի Լորենը երբեք էլ չդառնար այն, ինչ դարձավ, եթե չլիներ դե Սիկան: Մի առիթով հենց դերասանուհին է խոստովանել. «Նա միայն ինձ հանդիպած ամենալավ ռեժիսորը չէ, ում առաջ ես խոնարհվում եմ: Դե Սիկան ինձ համար ավելին է. նա իմ հայրն է, իմ ուսուցիչը: Ես նրան պարզապես պաշտում եմ: «Ուղղակի գեղեցիկ աղջկա» արտաքինի տակ նա տեսավ իմ տաղանդը, սովորեցրեց ինձ աշխատել: Նա ստեղծեց Սոֆի Լորենին»:
Դե Սիկան էլ իր հերթին հրաշք է համարել Լորենին. «Նա տարբեր է: Տարբեր է պահում իրեն ու զարմացնում ինձ նրանով, ինչով չի զարմացրել երբեք որևէ ուրիշ կին: Ես նայում եմ նրա դեմքին, աներևակայելի աչքերին ու հասկանում' նա հրաշք է»:
Իսկ ապագան իսկապես անսպասելի ընթացք ստացավ։ Գեղեցկուհին դարձավ դերասանուհի՝ հինգ անգամ արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր դարձավ (1961 թվական), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։
Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։
Այժմ ներկայացնենք հետաքրքիր փաստեր տաղանդաշատ դերասանուհու մասին
-Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում, օրինակ՝ «Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին»։
-Ջենովայի Արքեպիսկոպոսը մի առիթով կատակել է. «Ըստ էության Վատիկանը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆիա Լորենի համար կարելի էր բացառություն անել»։
-1982 թվականին Սոֆիա Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրեց բանտում՝ հարկերը չվճարելու համար։
-Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆիա Լորենի անվամբ։
-Դերասանուհին ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում։
-Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
-Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել է նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
-Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թվականին ծնվել է առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ