Թուրքիայի նախագահը կայցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կմեկնի Ուկրաինա: Այցի նպատակը Թուրքիայի և Ուկրաինայի ռազմավարական խորհրդի 6-րդ նիստին մասնակցելն է: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:
Մայրաքաղաք Կիևում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են երկկողմանի և տարածաշրջանային հարցեր: Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Հաղորդում է, որ այցի շրջանակներում քննարկվելու են Ուկրաինայի հետ ռազմավարական համագործակցության նոր ուղղություններ, և այդ ուղղությամբ ստորագրվելու են տարբեր փաստաթղթեր և արձանագրություններ: Քննարկվելու է նաև Ղրիմի հարցը և Ղրիմի թաթարների վիճակը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոն սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարող մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում, լքել իր հայրենակիցներին»: