Հայերեն   English   Русский  

Տավուշցիների հիշողությունները` 1988-ի դեկտեմբերի դժոխային օրվա մասին


  
դիտումներ: 1623

1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջ Հայաստանը, այդ թվում` սահմանամերձ Տավուշի մարզը ևս, օգնության ձեռք մեկնեց աղետի գոտուն:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերգեյ Խաչատրյանը հիշում է, որ մի գիշերում մի քանի անգամ գնացել-եկել է Շամշադին` մեծ տարաներով ջուր և սննդամթերք են հասցրել Սպիտակ: <<Իմ բուդկա մոսկվիչով գնացինք սպիտակցի Ավագ Օհանյանի բնակարան, դստեր` Ռայկոմի երրորդ քարտուղար Արմիկ Օհանյանի անշնչացած մարմինը նոր էին դուրս հանել փլատակների տակից: Արմիկի եղբոր կնոջը ևս գտել էին մահացած: Իրողությունները իսկական դժոխք էին հիշեցնում>>,-պատմում է տավուշցի Սերգեյ Խաչատրյանը: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով մահացած երիտասարդ Արմիկի մասին տարիներ անց Հրաչյա Մաթևոսյանը պետք է գրեր` <<արնածաղիկ Արմիկ….>>:

Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանն էլ նշում է, որ շրջկենտրոնից փրկարարական խմբեր են մեկնել քարուքանդ եղած Հայաստանի հյուսիսային գոտի` Գյումրի ու Սպիտակ: <<Տեխնիկա ենք տարել, որոնց օգնությամբ մարդկանց հանել են փլատակների տակից: Տարբեր հիմնարկներ առանձին-առանձին մեկնեցին աղետի գոտի: Աշխատանքների համակարգողը գործկոմն էր, որի ղեկավարն էր Նորիկ Միրզոյանը>>:

Արթուր Երկանյանը ևս այդ օրերին աչքի տեսածը բնութագրում է` որպես դժոխք: <<Սպիտակում տեսել եմ Միխայիլ Գորբաչովին մեկ մետր հեռավորությունից: Մեր մեքենան կանգնեցրին և մի կողմ քաշեցին.ես միանգամից գլխի ընկա,որ Գորբաչովի ճանապարհն են բացում,չնայած չգիտեի,որ նա Սպիտակում է.և սկսեց շարասյուն անցնել երևի 1կմ երկարությամբ.Մի ,,իկարիուս,,եկավ մեջի լույսերը վառած Գորբաչովը մենակ մեջը նստած հենց իմ կողմում.համարյա ձեռքի հեռավորությամբ անցավ.հիշում եմ դեմքի արտահայտությունը աչքիս առաջ է: Ինքը գտնվում էր ԱՄՆ-ում,ընհատել էր այցը և եկել աղետի գոտի>>,-նշում է Արթուր Երկանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: