Հունգարական ՍԴ ներկայացուցչի լռությունը սաֆարովյան գործի վերաբերյալ
Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչինը Երևանում հրաժարվել է պատասխանել Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայ լրագրողների հարցերին: Նա հիմնավորել է, թե անցած տարի իր ղեկավարը հայաստանյան այցի ժամանակ հայտնել է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը: Սակայն լրագրողների դիտարկմանը, թե այդ ընթացքում բազմաթիվ հանգամանքներ են փոխվել, մասնավորապես գործը մտել է Եվրադատարան, տիկին Մեսչինը դարձյալ լռել է` հրաժարվելով որևէ մեկնաբանությունից: Նա ի թիվս այլ երկրների` մասնավորապես Չեխիայի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի սահմանադրական դատարանների ներկայացուցիչների, Երևանում է` մասնակցելու ՙՙՍահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում՚՚ խորագրով ,միջազգային ամառային դպրոցին: Այս ծրագրի նպատակն է` սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, այս հիմնախնդիրն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը: Սահմանադրական իրավունքի կենտրոնի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ ուշագրավ է միջազգային դպրոցի անցկացումը հատկապես հուլիսի 5-ին` Սահմանադրության օրվան ընդառաջ և սահմանադրական բարեփոխումների քննարկումների համատեքստում: