Ս. Սարգսյանը ցանկանում է մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը մաքրել վրայից հայ-թուրքական արձանագրությունների բիծը. փորձագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին:
«Այն փաստը, որ արձանագրությունները ստորագրված են և արդեն 8 տարի է չեն վավերացվել Թուրքիայի կողմից կամ պատճառով, իսկապես մթնոլորտն ավելի վատացրել են, քան մինչև արձանագրությունների ստորագրությունը»:
Բանախոսը հիշեցրեց, որ արձանագրություններից ստորագրումից նույնիսկ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնը չեն, ինչ մեկ տարի առաջ և կա տեսակետ, որ ավելի վատ է:
«Հայաստանը թեև գնաց զիջողականության այդ քայլին, բայց Թուրքիան տակավին ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այն փաստը, որ այսօր Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ ձևի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ իրենք իսկապես դժգոհ են կատարվածից»,- նշեց Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությանը, որ մինչև 2018 թ. գարուն արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական քայ«ի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, նա ասաց. «Մեր ցանկությունն է, որ չկատարվի, քանի որ, գտնում ենք, որ այս արձանագրություններում կան Թուրքիայի կողմից առաջ քաշված առնվազն երկու նախապայմանի բավարարում, իսկ երրորդ նախապայմանը՝ Արցախի հարցով, արդեն Թուրքիան առաջ քաշեց մինչև ստորագրությունը, բայց ոչ ուղղակի արձանագրությունների տեքստում: Նույնիսկ ստորագրության օրը, որ չորս ժամ հապաղեց, պատճառը դա էր՝ Թուրքիան ուզում էր ողջ գործընթացը կապել Արցախի հարցին, որը, չեմ կարծում, մինչև գարուն որևէ դրական տեղաշարժ կունենա»:
Պարոն Մանոյանը գտնում է, որ Արևմուտքի կողմից կեցվածքի փոփոխություն կա.«Սկզբնական տարիներին նրանք ասում էին, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ հիմա ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ երբ Արցախի հարցը կարգավորվի, այն ժամանակ էլ կկարգավորվեն ՀՀ-Թուրքիա հարաբերությունները: Ակնկալիք չկա, որ մինչ այդ երևէ դրական տեղաշարժ կլինի»:
Կիրո Մանոյանի խոսքով, Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների առ ոչինչ հայտարարելն արդեն ավելի ճիշտ ուղու վրա կդնի ամեն ինչ:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն իր հերթին նշեց, որ ՄԱԿ- իր ելույթուն նախագահ Սերժ Սարգսյանը հիշեց արձանագրությունները, որովհետև ցանկանում է մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը մաքրել հայ-թուրքական արձանագրությունների նախագահ Սերժ Սարգսյանից մնացած բեռը:
Փորձագետը վերջերս Թուրքիայում ուսումնասիրություններ է իրականացրել նկատեց, որ Թուրքիայում այս արձանագրությունների ձախողումը կապում են ոչ միայն ԼՂ հակամարտության հետ, այլև Ռուսաստանի ազդեցության.«Անկարայում ես տարբեր կարծիքներ լսեցի: Ոմանք այդ գործընթացի սառեցումը կապում են նաև Գյուլ- Էրդողան հարաբերությունների հետ: Էրդողանը խանդով էր վերաբերվում այդ հարցին, քանի որ ինքը որոշակիորեն ստվերում էր մնացել»:
Գևորգ Մելիքյանը շեշտեց, որ Թուրքիայում զբաղված են իրենց ներքաղաքական խնդիրներով , իսկ արձանագրությունները նրանք համար մեռած են 2009 թվական հոկտեմբերի 10-ից ի վեր, երբ ստորագրվեցին. Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը սա շատ լավ հասկանում. «Սերժ Սարգսյանը շահեկան դիրքում դուրս կգար ամեն դեպքում՝ կարևոր չէ կվավերացվեին փաստաթղթերը, թե չէ, այսինքն՝ նա արտաքին և ներքին դաշտում հեղինակություն կձեռքբերեր, բայց բուն արձանագրությունները մեռած էին հենց ստորագրման պահից: Սարգսյանի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը ժամանակ է տալիս, միայն ներքին լսարանի համար է: Երբ Հայաստանում նոր կառավարություն ձևավորվի, երբ նոր վարչապետ լինի, որ կարծում եմ՝ հենց Սարգսյանը կլինի, նա պետք է այդ փուլ մտնի առանց որևէ բիծի»,- նշեց փորձագետը:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի