Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ այդ տեսանկյունից իրենց տեսադաշտում են այն շուկաները, որտեղ կա կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվելով իրենց մրցակցային առավելությունից, չարաշահումներ իրականացնեն:
Ա. Շաբոյանի խոսքով, իրենց ուշադրության կենտրոնում են կարագի և բենզինի շուկաները:
Խոսելով կարագի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել է շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ այդ բարձրացումն ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից:
«Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»,- հավելեց նա:
Ա. Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրել են ներկրող ընկերությունների փաստաթղթերը՝ պարզելու, արդյոք բարձրացումը հիմնավորված է, թե ոչ: Հանձնաժողովը ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգ»-ի ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:
Նա տեղեկացրեց, որ միջազգային շուկայում գներն անցած տարվա մայիսից բարձրացել են 126 տոկոսով:
«Այսինքն՝ գնային բարձրացումը օբյեկտիվ է և պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով»,- ասաց Արտակ Շաբոյանը: