Հայերեն   English   Русский  

Ինչ է փոխվել ՀԱՕԿ-ում վերջին 20 տարում


  
դիտումներ: 1489

Ռուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:

- Դժվարին գործ էր: Թեև նախկինում ղեկավար աշխատանք էի կատարել այլ ոլորտներում, բայց սպորտն ինձ հոգեհարազատ է եղել պատանեկան վաղ հասակից, քաջածանոթ էի բոլոր այն կանոններին, որոնք պահանջվում էին, որպեսզի հաջողութունն ապահովվի: Լողով եմ զբաղվել, ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեմ: Ի դեպ, խորհրդային տարիներին այդ մարզաձևում այդպիսի ցուցանիշի հասնելը հեշտ չէր: Անգամ առաջին կարգային լինելն արդեն մեծ պատիվ էր համարվում: Բրաս լողաոճում էի հանդես գալիս, «Դինամո» մարզընկերության Հայաստանի չեմպիոն եմ եղել, լավ արդյունքներ ցույց տվել նաև համամիութենական ստուգատեսներում:

- 1991-ին Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները հանդես էին գալիս խորհրդային անկախացած երկրների միացյալ հավաքականի կազմում և արժանացան երեք ոսկե, մեկ արծաթե պարգևի: Բայց հետո դուք ազատեցիք ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը: Հակասական բան կա, ինչո՞ւ հեռացաք:

- Չեմպիոններ դարձան գնդակային հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն էլ բավարարվեց արծաթե մեդալով: Հավելենք, որ Էլեն Բունիաթյանն էլ բասկետբոլիստուհիների հավաքականի կազմում էր ոսկե մեդալակիր դարձել: Այդ հաջողությունները վերագրել միայն իմ աշխատանքին չի կարելի: Խորհրդային տարիների սպորտը Հայաստանում լավ հիմքերի վրա էր, մանկապատանեկան մարզադպրոցների լայն ցանց էր արդյունավետ աշխատում: Բայց ղարաբաղյան հակամարտության տարիներին Հայաստան խորհրդային զորքեր մտցվեցին: Մարզադպրոցների մեծ մասը կացարան էր դարձել զինվորների համար: Շատ բան քանդվեց, հետո էլ չվերականգվեց: 1988-ի երկրաշարժն էլ ավերիչ հետևանքներ ունեցավ: Հաջորդեցին պատերազմական տարիները: Խորհրդային տարիներին Հայաստանում սպորտն ավելի մեծ մասսայականություն ուներ, քան անկախացումից հետո: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ոչ միայն կանոնավոր մարզումներն էին անվճար, այլև մեծ փողեր էին ծախսվում, որպեսզի պատանիները և աղջիկները խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցեն, մրցափորձ ձեռք բերեն, նրանց շարքերից բարձրակարգ մարզիկներ աճեն: Իսկ սպորտի նոր վերելքը սկվեց 2004-ից: Նախորդել էին մերոնց անհաջող մրցելույթները 2000-ին Սիդնեյում և 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: Հետո ՀԱՕԿ-ը գլխավորեց Գագիկ Ծառուկյանը, ավելացան ֆինանսական ներդրումները, վերնորոգվեց մարզասրահների մեծ մասը, կառուցվեցին նորերը: Եվ արդյունքներն էլ ակնառու են:

- Ձեր աշխատած ժամանակահատվածի համեմատ` տեղաշարժերը մե՞ծ են:

- Շատ բան է փոխվել: Մասնավորապես, այն տարիներին ՀԱՕԿ-ն ուներ երեք աշխատող: Սպորտպետկոմի շենքում մեկ սենյակ էր հատկացվել: Սպորտպետկոմի նախագահը Ռաֆայել Թորոյանն էր, սերտորեն համագործակցում էինք, համատեղ փորձում հաղթահարել դժվարությունները: Այն տարիներին ՀԱՕԿ-ը ֆինանսական հնարավորություններ ընդհանրապես չուներ: Այժմ, երբ կրկին ՀԱՕԿ-ում եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչպիսի առաջընթաց կա: Աշխատողների թիվն ավելացել է, միջին աշխատավարձը 180 հազար դրամ է: Օլիմպիական խաղերից առաջ բարձրակարգ մարզիկները վարձատրվում են: Մարդկանց նյութական վարձատրության բարելավումն աշխատանքում հաջողության հասնելու լավագույն գրավականն է:

- 2013-ի հունիսի 1-ից կրկին ՀԱՕԿ-ում եք աշխատում: Այս ընթացքում ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են կատարվել:

- Ամենօրյա աշխատանք է տարվում, կարևորվում է ամեն քայլը: Վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների խորհրդակցություն: Ռուսաստանի ԱՕԿ-ը համակարգում է համատեղ կատարվող աշխատանքը: Ընդ որում, պատվիրակներ էին ուղարկել ոչ միայն ԱՊՀ, այլև Բալթյան երկրները, Վրաստանը: Փաստորեն, հավաքվել էին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ներկայացուցիչները: Եկել էին ԱՕԿ-ների նախագահները, գլխավոր քարտուղարները: Մասնակիցները պատմեցին իրենց փորձի մասին: Բոլորը ներկայումս նախապատրաստվում են 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Դժբախտաբար, Հայաստանն այդ ստուգատեսում մեծ թվով մասնակիցներ չի ունենա: Խոսվեց այն մասին, թե ինչպես կարելի է համատեղ օգտագործել տարբեր երկրներում եղած մարզաբազաները: Հրավերներ ստացանք Լատվիայից, Ուկրաինայից: Այցելեցինք Ղազախստանի ձմեռային մարզաձևերի հայտնի մարզաբազա` «Մեդեո»: Ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գտնվող տեղանքում երեք նոր մարզահարթակ է կառուցվել: Մեր գործընկերներին հետաքրքրում է Ծաղկաձորի օլիմպիական բազան:

- Ճի՞շտ է, որ մեզ համարում ենք ոչ ձմեռային մարզաձևերի երկիր, երբ ունենք Ծաղկաձորի նման մարզավայր: Հնարավո՞ր է խորհրդային ժամանակներից մնացած այս կարծրատիպը հաղթահարել և ձմեռային մարզաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել:

- Միայն Ծաղկաձորը չէ, Աշոցքում, Լոռիում մարզվելու հիանալի պայմաններ կան: Վերջերս ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչների ՀԱՕԿ-ի խորհուրդ է ստեղծվել և ղեկավար է ընտրվել Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Նա խնդիր է դրել մեր երկրում վերականգնել ձմեռային մարզաձևերի ավանդույթները: Աշոցքում նախատեսվում է մարզաբազա ստեղծել: Օրերս Մոսկվայում ևս շարունակեցինք բանակցությունները Ռուսաստանի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ, հստակեցրինք առաջիկա անելիքները: Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու շարժառիթը հաճելի էր: Ինչպես հայտնի է, լրացել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու 40-ամյակը: Երևանում հանդիսություն էր կազմակերպվել և թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով: Հանգամանքների բերումով հոբելանի նշման առիթով Հայաստան չկարողացավ գալ Նիկիտա Սիմոնյանը: Եվ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ Մոսկվա մեկնեցինք ու ՀԱՕԿ-ի «Պատվո շքանշան» հանձնեցինք լեգենդար թիմի գլխավոր մարզչին: Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956-ին դարձել է Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն, նրա գլխավորած «Արարատ» թիմի երեք խաղացողներ` Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և Խորեն Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել են օլիմպիական խաղերի մրցանակակիր, սակայն անվանի մասնագետը ՀԱՕԿ-ի ոչ մի պարգև չուներ:

- Փաստորեն անակնկա՞լ է մատուցվել:

- Երբ Սիմոնյանին տեղեկացրինք, որ ցանկանում ենք պարգև հանձնել, նա շատ հուզվեց, հետո հետաքրքրվեցինք` դա որտեղ է նպատակահարմար անել, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայո՞ւմ, թե՞ այդ երկրի ԱՕԿ-ում: Մեր հայրենակիցը հայտնեց, որ գերադասում է միջոցառումը կազմակերպել օլիմպիական կոմիտեում: Իսկ պարգևատրման արարողությանը ներկա էին Յուրի Յուրիևը, որը ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համագործակցության աշխատանքների համակարգողն է, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Մկրտիչևը, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահի խորհրդական Վյաչեսլավ Կոլոսկովը և ուրիշներ: Հանդիպեցի նաև Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՄՕԿ-ի անդամ Վիտալի Սմիռնովին: Նա այդ կառույցում է 1971-ից: Մի շարք ընդհանուր հարցեր կան, որոնք քննարկեցինք և հստակեցրինք, թե ինչպես կարելի է դրանք իրականացնել:

Նոյեմբերի 22-23-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանը, անցկացվելու է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ միասին ես ևս մասնակցելու եմ նստաշրջանին: Կհանդիպենք ՄՕԿ-ի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի, տարբեր երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում նաև իմ հին բարեկամ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Ժուկովի հետ, համագործակցության նոր ծրագրեր կկազմվեն: Վերջինիս այս անգամ Մոսկվայում չհանդիպեցի, նա Սոչիում էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: