Դատական համակարգը և առողջապահությունը Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներից են
Ոլորտում խնդիրների և դրանց դեմ կիրառվող քայլերի մասին այսօր լրագրողների հետ զրուցեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Վերջինս մասնավորպես նշեց, որ կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ողջ աշխարհում էական փոփոխություն չի կրել: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս երկրների մեծ մասում կոռուպցիան հանրային ոլորտում շարունակվում է ընկալվել որպես լուրջ հիմնախնդիր: Հայաստանը այդ երկրների շարքում է: Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվը 37 է` նախորդ տարվա 36-ի փոխարեն: եթե անցյալ տարի Հայաստանը 177 երկրների շարքում կիսում էր 94-ից 101-րդ, ապա այս տարի այն 175 երկրների շարքում կիսում է 94-99 –րդ տեղերը:
Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են` պետական ծառայությունները, դատական համակարգը և առողջապահությունը:
Վարուժան Հոկտանյանի խոսքով` Հայաստանի այս աստիճան կոռումպացված լինելը ունի մի քանի պատճառ. «Այս իրավիճակի պատճառներն են բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, դատական համակարգի ոչ անկախ լինելը, տնտեսության մոնոպոլիզացումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականության բարձր մակարդակը», - գտնում է մասնագետը` ընդգծելով, որ կարևոր խնդիր է նաև վստահության ցածր մակարդակը. Հայաստանում վստահության ինդեքսը 8 է, այն դեպքում, որ 29 երկրներում կատարված հետազոտության միջին արդյունքը 42 է:
Վարուժան Հոկտանյանը անդրադարձավ նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը. «Կոռուպցիայի դեմ պայքարում լավատեսության հիմք չի տալիս նաև Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը. Եվրասիական տնտեսական միության մյուս երեք անդամները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը ավելի կոռումպացված են, քան Հայաստանը, և դժվար թե Հայաստանը դառնա ավելի քիչ կոռումպացված, քան այժմ է միության անդամ դառնալուց հետ», - ասաց Վարուժան Հոկտանյանը: