Այնպես չէ, որ մեր ընտանիքներում ամեն ինչ հարթ է և հիմա ուզում ենք փոփոխություն անել. հոգեբան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյան:
«Կան հնուց մնացած տարրեր, որոնք 21-րդ դարի ոչ մի փորձության չեն դիմանում: Այս առումով այս օրինագիծը մի քայլ է առաջ: Հայկական ընտանիքը բավականին փակ համակարգ է և դրա մեջ զգուշորեն պետք է թափանցել, քանի որ այնտեղ շատ խնդիրներ կան: Այս օրինագծով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ, որոնք կարծես թե օգնում են բռնության քողարկմանը այդ համակարգի ներսում»,- գտնում է հոգեբանը:
Ըստ պարոն Գասպարյանի՝ կարևոր է ոչ միայն ֆիզիկական բռնության խնդիրը, այլև հուզական չարաշահումը, որը նույնպես բռնություն է. «Իսկ հայկական ընտանիքը, հավատացնում եմ, հույզերի մի սարսափելի կծիկ է, որտեղ անցյալի, ներկայի բոլոր հույզերը, խնդիրները շաղախված են և իրար խանգարում են։ Ժամանակն է, որ այդ կենտրոնաձիգ ուժերին, որոնք պահվում են «ավանդույթ» բառի տակ, որոշակի հակազդումներ անենք։ Այն ձևը, որով մենք պահում ենք ընտանիքը, հնացել է, և պատահական չէ, որ այսօրվա երիտասարդությունը անընդհատ փորձում է ընտանիք կազմելու խնդիրը հետաձգել։ Հիմա երիտասարդների համար ընտանիքն ամենակարևորը չէ, հիմա ավելի կարևոր են նյութական արժեքները»
Հոգեբանի խոսքով՝ նոր սերնդի կրթական համակարգի մեջ տալիս ենք նոր արժեքներ և պարտադրում, որ նրանք ապրեն հին ավանդական սկզբունքներով.« Այս առումով, ինձ թվում է, որ քննարկվող օրինագիծը քայլ է դեպի առաջ»։
Խաչատուր Գասպարյանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս.« Այնպես չէ, որ մեր ընտանիքներում ամեն ինչ հարթ է, գոհ են և հիմա ուզում ենք փոփոխություններ անել։ Փաստեր կան, որոնք խոսում են, և շատ երկրների համեմատ՝ այդ փաստերն ավելի ճչացող են: Մենք պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկենք՝ թե հոգեբանական, թե իրավական դաշտում»։