Մեր անվտանգության երաշխիքը առաջին հերթին մեր անկախությունն է. Ալ. Մարգարով
Ըստ նրա` այս տարին նշանավորվեց նաև նրանով, որ քաղաքական ուժեր փորձում են և մինչև 2016 թվական կշարունակեն փորձել ինքնավերաժևորվել և ինքնագնահատական տալ իրենք իրենց: «Փորձում են հանդես գալ որպես ուժ, որը ունի ոչ թե բացասական ծրագիր, որը ուղղված է ներկայիս կառավարության դեմ, այլ կառուցողական ծրագիր: Իսկ բանավեճը ընդդիմության և իշխանափոխության առաջարկած կետերի շուրջ թերևս կշարունակվի», - նշեց նա:
2014 թվականի տեղի ունեցած կարևոր իրադարձություններից էր նաև հուլիսյան լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, վերջերս նաև հայկական ուղղաթիռի խոցումը:
Ըստ քաղաքագետի` լարված իրավիճակը շարունակվելու է. «Այս անհասկանալի լարված վիճակը Ադրբեջանը ցանկանում է բերել բանակցային գործընթաց, որտեղ լուրջ առաջընթաց դեռևս չկա: Շարունակվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը: Դիվերսիաները ընդհանուր սցենարի մեջ մտած բաներ են, որոնք առանձին լայնածավալ արդյունքի չեն հասնում: Նույն սցենարը տեսնելու ենք 2015-ին Լարվածությունը սպառում է երկու կողմերի ուժերը: Ադրբեջանը իր հերթին ցանկանում է նշել դրանցով, որ չի մոռացել` այդ տարածքները իրենն է համարում»:
Մարգարովի խոսքով` երկու կողմերն էլ փորձում են պատրաստ լինել պատերազմական իրավիճակին: Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զենք գնել: Ադրբեջանը զենքի միայն 55 տոկոսն է գնում Ռուսաստանից, իսկ Հայաստանը 95 տոկոսը:
Անդրադառնալով անդամակցությանը ԵՏՄ-ին, Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ այդ քայլը պայմանավորված է պայմանագրի թղթի վրա չնշված գործոններով. «Այդ միությունում արդեն իսկ կան խնդիրներ. վերջերս Բելառուսը մաքսակետեր դրեց Ռուսաստանի հետ սահմանին: Անդամակցումը ավելի շատ անվտանգության բաղադրիչն է ավելացնում, քան տնտեսական խնդիրներ լուծում: Սակայն չեմ կարող ասել, որ լիովին համաձայն եմ սրա հետ. մեր անվտանգության երաշխիքը առաջին հերթին մեր անկախությունն է»: