Սեքսուալ սկանդալներից հետո Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մայքլ Ֆելոնը խոստովանել է, որ 15 տարի առաջ կոնֆերանսներից մեկի ժամանակ շոյել է կին լրագրողի ծունկը: Նախարարը խոստովանել է, որ նման բան եղել է, բայց ներողություն է խնդրել իր վարքի համար:
Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին հայտարարել են վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակից:
«Վերջին օրերին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնյաներին, այդ թվում՝ նախկինում իմ վարքի հետ կապված»,-գրել է Ֆելոնը:
«Նրանցից շատերը կեղծ են եղել, բայց ես ընդունում եմ, որ անցյալում ընկել եմ այն բարձր ստանդարտներից, որ մենք պահանջում ենք զինված ուժերում, որը ես պատիվ եմ ունեցել ներկայացնել»,-ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ այդ միջադեպը ազդել է իր դիրքի վրա և ինքը հրաժարական է տալիս:
Ի դեպ, այդ լրագրողը նշել էր, որ ինքն իրեն չի զգում սեռական ոտնձգության զոհ, և որ միջադեպը համարում է «մի փոքր զվարճալի դեպք»:
Բայց պարզվում է, որ սա միակ դեպքը չէ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առնվազն 36 բարձրաստիճան այրեր անձնակազմի անդամների կողմից մեղադրվում են սեռական ոտնձգության մեջ: