Հայերեն   English   Русский  

​Հայաստանի միակ հալվե աճեցնողը 4-5 տարի աշխատում է առանց շահույթի, բայց լավատես է


  
դիտումներ: 10731

«Բիզնեսում օգնում է համառությունը, համբերատարությունը, նվիրվածությունը, հետևողականությունը և նոր միայն եկամտի մասին մտածելը,-

մեր երկար զրույցի ու իր հետաքրքիր գործի պատմությունը ներկայացնելիս ասաց մեր հանրապետության միակ հալվե (ալոե) աճեցնող Կարապետ Ավագյանը, ապա ավելացրեց:- Փողի հետևից վազողը փողի հետևից չի հասնում, պետք է պայմաններ ստեղծես, որ փողն ինքնիրեն գա: Նպատակդ դարձնում ես գործը, նվիրվում ես, թևերդ քշտում ես ու գնում ես մինչև վերջ, որպեսզի արդյունքի հասնես: Եթե արդյունքի հասար՝ ամեն ինչ կլինի: Եվ նվիրյալների խումբ է պետք, որ քեզ հետ աշխատի»:

Նրա դիտարկմամբ՝ նվիրյալ աշխատողների թիմն ի վիճակի է հաղթահարել անգամ ամենաանհաղթահարելի թվացող դժվարություններն ու կերտել մեծ հաջողություններ, եթե սրտանց է աշխատում: Իսկ հաճախորդին միշտ պետք է այնպես սպասարկել, որ միշտ գոհ հեռանա: Միշտ պետք է խոսել հաճախորդների հետ, փորձել այնպես անել, որ վաճառածդ ապրանքը կամ ծառայությունն առավելագույն արդյունք տա նրան:

Այսպիսի տրամադրվածությամբ էլ, շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո, 2012 թ., Կարապետ Ավագյանը որոշեց Հայաստանում նորից հալվե աճեցնել արդյունագործական նշանակությամբ ու ծավալներով: Այս ոչ սովորական նախաձեռնության հեղինակն իրենց տան բակի 800 քմ մակերեսով ջերմատանը սկսեց հալվե աճեցնել: 2016 թ. նրա աճեցրած հալվեի տերևներն արդեն պիտանի էին վաճառքի. առհասարակ հալվեի տերևները 3 տարեկանից են դառնում արդյունավետ:

«Մենք գործը սկսելուց առաջ պետական ֆինանսավորում ստացանք: Մրցույթ կար, մասնակցեցինք այդ մրցույթին, ու քանի որ մեր առաջարկը նորարարություն էր և մեր ծրագրով հիմնավորվում էր, մեզ ֆինանսավորեցին: Երկու տարի պետական ֆինանսավորում ենք ունեցել, դրանից հետո գումարները վերջացան, հիմա նոր գործընկերներ ենք գտել, որոնք ֆինանսավորում են, որ գործը շարունակվի: Այս գործը եկամտաբեր բիզնես չի համարվում, 4.5 տարվա ընթացքում մենք ծախսել են արդեն մոտ 45 հազար դոլար և ներդրել ենք մեր 4.5 տարվա անվճար աշխատանքը: Բայց դեռ հետ կանգնելու մտադրություն չունենք»,- «Անկախին» հայտնեց նախաձեռնության հեղինակ Կարապետ Ավագյանը:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են շարունակում զբաղվել այդ աշխատանքով, ինչու են ջանք ու եռանդ թափում, բայց հետադարձ ոչինչ չեն ստանում: Կարապետ Ավագյանը պարզաբանում է՝ իր ջերմատունը փոքր է, ուստի առնվազն վերջին 14 տարիներին այն օգտագործել է առավելապես ոչ ստանդարտ մշակաբույսեր աճեցնելու համար, որպեսզի յուրօրինակության միջոցով հաջողության հասնի: Սկզբում աճեցնում էր հոլանդական քրիզանթեմներ, բայց երբ այս ծաղկատեսակի մշակումը մեծ մասսայականություն ստացավ Հայաստանում, որոշեց թողնել այն և մի ուրիշ էկզոտիկ բույսի աճեցմամբ զբաղվել: Այդ ժամանակ էլ միտք առաջացավ ուսումնասիրել Հայաստանում դեղերի արտադրության ոլորտը, հասկանալ, թե որ բույսերն են, որ դեղագործության մեջ լայն կիրառում ունեն, բայց Հայաստանում չեն աճեցվում: Եվ 4-5 ամսվա հետազոտություններից հետո մտածեցին, որ լավագույն տարբերակը հալվեն է:

«Հասկացանք, որ ալոե չի աճեցվում, բայց դրա պահանջարկը Հայաստանում կա. Հայաստանում գործարան կա, որն արտադրում էր սրսկվելու ալոե ամպուլաներով, որի հումքը ներկրվում է դրսից: Մտածեցինք՝ այդ գործարանին մենք կարող ենք հումք տալ, որ դրսից չառնի, քանի որ տարեկան 10-15 տոննա դրսից ներմուծում էր: Մենք նրա հետ պայմանագիր կնքեցինք, որ եթե մեր տերևները դառնան 3-5 տարեկան՝ կգնի մեր արտադրած ալոեն: Ու այդպես սկսեցինք: Գործարանը դեռ չի գնել, բայց դեռ հույս կա, որ կգնի: Այստեղ խնդիրն այն է, որ այդ գործարանի վաճառքների ծավալներն են էականորեն պակասել, քանի որ այն իր արտադրանքը հիմնականում արտահանում էր Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան, բայց այնտեղ էլ արտադրություն են սկսել կամ ներմուծում են տարբեր երկրներից, ու մեր արտադրանքի պահանջարկն ընկել է, գործարանը չի կարողանում արդեն նախկին ծավալներով արտադրել»,- նշեց Հայաստանի միակ հալվե աճեցնողը:

Կարապետ Ավագյանը համագործակցում է նաև «Ֆիդորա» ընկերության հետ և այս ընկերությանն արտապատվիրում է քամել իր ալոեն: Այդ մզվածքը ընկերությունը վերադարձնում է Ավագյանին: Վերջինս էլ արդեն վաճառում է: Բայց բացի տերևներից ու մզվածքից, Կարապետ Ավագյանը ցուցահանդեսներին ներկայացնում է նաև «ալոե- մեղր» և «ալոե-մեղր-գինի» տարբերակները: Դա էլ զուտ այն նպատակով, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, թե որտեղ, ինչի համար ու ինչպես կարող են օգտագործել այն:

Առհասարակ հալվեն օրգանիզմը կարգավորելու գերազանց հատկություն ունի: 30-45 օր օգտագործելու դեպքում օգտակար նյութն ամբողջությամբ մաքրում է աղեստամոքսային տրակտը, լյարդը 80 տոկոսով մաքրում է տոքսիկ նյութերից, կարգավորում է արյունաստեղծ համակարգը, երակները բացում է, արյունը ջրիկացնում, վահանագեղձի, շաքարի և բարձր ճնշման կարգավորիչ է, օրգանիզմից խարամներն է դուրս մղում: Դրա համար կա՛մ տերևը պետք է ուտել, կա՛մ հյութը խմել: Տերևն ուտելը դժվար է, դառն է, ուստի մտահղացել են մեղրի, մեղրի ու գինու համադրությունը, որ նրբացնում ու հետաքրքիր համ է տալիս հալվեին ու դարձնում հաճելի:

հալվե

Չեն փորձել արտահանել. այս ջերմատունն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում անգամ, ինչպես նշում է մեր զրուցակիցը, Հայաստանի բնակչության 1 տոկոսի կարիքները բավարարելուն հազիվ հերիքի: Մարդկանց իրազեկության բարձրացման հետ զուգահեռ, վստահ է Կարապետ Ավագյանը, երբ մարդիկ կամաց-կամաց սկսեն կիրառել ու արդյունքները տեսնել, պահանջարկը կմեծանա:

«Մենք որոշել ենք, որ այս տերևները պետք է մեր ժողովրդին վաճառենք. չենք ուզում, որ դրանք դուրս գան Հայաստանից: Եթե 8-10 տոննա տերևը 8-10 հազար մարդ գնի, յուրաքանչյուրը՝ 1 կգ, ջերմատան ամբողջ արտադրանքը կվերջանա: Չարժի ինչ-որ դրսի ընկերության հետ պայմանավորվել, ենթադրենք՝ 5 տոննա տանել ու տալ նրան, քանի որ այդ 5 տոննա ալոեի տերևները Հայաստանում 5 հազար մարդու կբուժեն: Մենք 4.5 տարի անվճար աշխատում ենք, մեզ ուրիշները գումարներ են տալիս, որ մեր ջերմատունն այսքան ժամանակ աշխատի, այսքան դիմացել ենք, էլի կարող ենք դիմանալ, միայն թե մեր ստեղծած բարիքը հասնի մեր ժողովրդին: 1-2 տարի էլ համբերենք՝ ամեն ինչ լավ կլինի, բան չի մնացել»,- հույս հայտնեց Կարապետ Ավագյանը:

Ջերմատանն աշխատում են ընտանիքով՝ Կարապետ Ավագյանը, հայրը, մայրն ու քույրը: Նա պատմեց, որ երբ հեռուստատեսությամբ իր ձեռնարկի մասին ռեպորտաժներ եղան, շատ մարդիկ, որոնք գումարներ, ջերմատներ ունեն և ուզում են ներդրումներ անել, սկսել էին հետաքրքրվել: Բայց ով գալիս էր Կարապետի մոտ ու իմանում, որ 4 տարի եկամուտ չի ստանալու և անընդհատ պետք է գումարներ ներդնի ու ձրի աշխատի, թողնում գնում էին:

«Ես կարող եմ շաբաթներով ջերմոցում աշխատել, բույսերի հետ զրուցել, չանհանգստանալ, չլարվել. ինձ համար առաջնայինը եկամուտը չէ, այլ գործը մինչև վերջ հասցնելը: Եվ ամենակարևորը՝ գործը պետք է դժվար լինի, ստանդարտ մի բան, որ բոլորն անում են, ինձ դուր չի գալիս»,- եզրափակեց հալվե աճեցնողը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: