Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին. Արսեն Ջուլֆալակյան
«Կանոնների փոփոխությունները ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաեւ քաշային կարգերն են շատ հարմար:
Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարեւորը՝ ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը եւ դեռ չի հասցրել լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա՝ նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.
«Իմ տվյալներով յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ: Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաեւ ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետեւում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:
Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում, կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշեց ըմբիշը:
Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմնասկացի Հայաստանի առաջնությանը եւ կփորձի ընդգրկվել ազգային հավաքական: