Հայերեն   English   Русский  

Թուրքիան 22 երկրներից պահանջել է արտահանձնել Գյուլենի 45 կողմնակիցների


  
դիտումներ: 707

Անկարայի ծանր հանցագործությունների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժման անդամների գործը հետաքննող չորրոդ դատարանը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ պահանջելով նախապատրաստել 22 երկրներից FETÖ-ի ղեկավարության 45 անձանց արտահանձնման մասին հարցումներ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հարցումներն ուղարկվելու են նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Գերմանիայի, Կամբոջայի, Մադագասկարի, Մալթայի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ղըրղըզստանի և Ղազախստանի իշխանություններին: Ընդ որում՝ երեք կասկածյալների արտահանձնման հարցումներ կուղարկվեն միանգամից մի քանի երկրներ:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել, որի ժամկետն արդեն երեք անգամ երեք ամսով երկարաձգվել է:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու վերջին որոշումը կայացվել է սույն թվականի հուլիսին: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահմանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկարացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: