Հայերեն   English   Русский  

Իսկանդարյան. Վերջին շրջանում մենք Արևմուտքի բաց քննարկումներում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի վատացման ակնհայտ միտում ենք տեսնում


  
դիտումներ: 1577

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է տալիս, որոնցից պետք է կարողանանք օգտվել:

Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ համաձայնագիրը դրական փոփոխություններ կբերի, կարելի է խոսել նաև վիզային ռեժիմի վերացմանը ձգտելու մասին,հաղորդում է Պանորաման:

«Համաձայնագիրն իհարկե լուրջ է, այն նորմատիվ բազա ունի, ցանկությունների մասին հուշագիր չէ, այլ պարտավորություններ է ներառում: Դրանք կրում են Հայաստանը՝ մի կողմից, ԵՄ-ն՝ մյուս: Այդ պարտավորությունների մեջ է մտնում փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական օժանդակության պարտավորություններ: Մենք տեսնում ենք, որ նմանատիպ համաձայնագրեր արդեն ստորագրվել են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, ու ասել, որ այդ երեք երկրները միանգամից Շվեյցարիայի են վերածվել, չի կարելի: Ասել, որ այս համաձայնագիրը փոքր նշանակություն ունի, նույնպես չի կարելի: Այն բավական շատ բան է տալիս, բայց դա հնարավորություն է, որից դեռ պետք է կարողանանք օգտվել»,- ասաց նա:

Քաղաքագետն անդրադարձավ համաձայնագրում՝ ԼՂ հարցի հետ կապված շեշտադրումներին, նշեց, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ստորագրվել, այլև՝ ինչպես է ստորագրվել: Նրա խոսքով՝ մինչև համաձայնագրի ստորագրման վերջին պահը ինտրիգ է եղել, ոչ թե՝ պայմանագրի հետ կապված, այլ հենց հռչակագրի:

Վերջինն, ըստ Իսկանդարյանի, ստորագրվել է հայերիս համար քիչ թե շատ իդեալական տարբերակով, այսինքն՝ ամրագրվել է հնարավոր առավելագույնը, որ եղել է Ռիգայի գագաթնաժողովի դիսկուրսում, երբ ադրբեջանական կողմն ուղղակի հիստերիա բարձրացրեց: Քաղաքագետը նշեց՝ այն, ինչպես ստորագրվել է համաձայնագիրը, ցույց է տալիս միջազգային հանրության վերաբերմունքը՝ ընդհանրապես, և եվրոպական կառույցներինը՝ մասնավորապես, մի կողմից՝ Ադրբեջանին, մյուս կողմից՝ Հայաստանին:

«Ի հեճուկս այն ամենի, ինչ գրվում է հայկական մամուլում՝ ադրբեջանական պրոպագանդայի մեծ հաջողությունների մասին, պետք է ասեմ, որ այդպես չէ: Վերջին շրջանում մենք Արևմուտքի բաց քննարկումներում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի վատացման ակնհայտ միտում ենք տեսնում և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի լավացում: Այս ստորագրումը հնարավոր դարձավ այս գործընթացի արդյունքում, հիշեք՝ ինչ էին խոսում Հայաստանի մասին անմիջապես 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, և ինչ են խոսում հիմա»,- ասաց նա: Իսկանդարյանն ընդգծեց՝ այս համաձայնագրի ստորագրման մեջ մեծ դեր ունի նաև այն, որ Ադրբեջանը վերջին շրջանում իրեն թույլ է տալիս միջազգային նորմերին խիստ ոչ հարիր պահվածք՝ սկսած պրակտիկորեն ֆաշիստական հռետորաբանությունից, այդ թվում՝ պաշտոնական անձանց կողմից, մինչև մարդու իրավունքների մասսայական խախտումները, քաղաքացիական հասարակայնության գրեթե լիկվիդացումը:
Քաղաքագետը նշեց, որ այս համաձայնագիրը ԼՂ խնդրի և դրա շուրջ գործընթացի վրա ուղղակիորեն որևէ ազդեցություն չի ունենա, ինչպես ասվել է՝ կարգավորման հարցում միջնորդական դերը Մինսկի խմբին է վերապահված, այդպես էլ կշարունակվի այն:

Այս պայմանագիրն, ըստ բանախոսի, քիչ է տարբերվում ասոցացման համաձայնագրից: Հայաստանը կարողացավ հիանալիորեն օգտագործել երկու պրոյեկտներ համատեղելու իր ֆիրմային քաղաքականությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: