Թուրք մտավորականները հետապնդվում են Արցախ այցելելու համար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Արցախ էին այցելել թուրք 4 մտավորական: Այցից անմիջապես հետո մտավորականները հայտնվեցին Ադրբեջանի սև ցուցակում, և նրանց նկատմամբ հայտարարվեց միջազգային հետահուզում: Հարցը կրկին բարձրացվեց վերջերս՝ երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում էր:
Ախոյանի խոսքով՝ այցի նպատակը Թուրքիայում Արցախի խնդրի վերաբերյալ թուրք քաղաքացիների իրազեկումն էր.«Ներկայումս թուրքական հասարակությունը ծանոթ է հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետին միայն: Կա այն կարծիքը, որ հայերը հարձակվել են և իրենց կրտսեր եղբորից զավթել Ղարաբաղը: Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ: Որպեսզի ամեն ինչ իրենց աչքերով տեսնեն, հրավիրեցինք այս գործինչներին և միասին գնացինք Արցախ»,- ասաց Արագած Ախոյանը:
Նա ընդգծեց՝ առանց այն էլ գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել երրորդ երկրի հետ:
«Երեկ ես խոսել եմ նրանց հետ: Չեմ կարծում, թե արտառոց բան է կատարվում: Անգամ կատակով ասացի՝ տեսեք, եթե վտանգավոր բան կա, ես էլ գամ, ձեր կողքին կանգնեմ»:
Արագած Ախոյանը համոզված է, որ Թուրքիան չի կատարի Ադրբեջանի պահանջը և չի արտահանձնի մտավորականներին Բաքվին.« Իրեն հարգող որևէ պետություն իր քաղաքացուն երբեք չի արտահանձնի մեկ այլ պետության քրեական լուրջ հանցագործության բացակայության պայմաններում»:
Ստամբուլահայ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը համակարծիք չէ Ախոյանի հետ: Հաշվի առնելով մտավորականների նկատմամբ հետախուզությունները և մարդու իրավունքների վիճակը Թուրքիայում՝ նա չի բացառում, որ Արցախ այցելած մտավորականներին կարող են ձերբակալել:
«Անգամ Թուրքիայում պետության կողմից չսիրված մարդիկ են այս անձինք, քանի որ խնդիրներ են ստեղծում: Այդ պատճառով, կարծում եմ, որ հավանական է, որ նրանց ձերբակալեն և հանձնվեն Ադրբեջանին: Ես զրուցել եմ նրանից մեկի հետ և արդեն պարզ է , որ շուտով դատական պրոցես կսկսվի»,- նշեց Տիրան Լոքմագոզյանը: