Հայերեն   English   Русский  

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ


  
դիտումներ: 3725

Էրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ գրեց Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը...»:

Ականավոր գիտնական, արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887 թ. մարտի 20-ին Վրաստանի Քութայիս քաղաքում, իրավաբանի ընտանիքում: Ապագա մեծ գիտնականի հայրը` Աբգար Հովսեփի Օրբելին, Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից էր: Տարբեր տարիներին աշխատել է Նախիջևանում, Դարաչիչակում, Թիֆլիսում, Քութայիսում....

Օրբելիների տոհմը հին հայկական ազնվական գերդաստաններից էր, որ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջնադարյան պատմության մեջ:

Ազնվական գերդաստանից էր սերում նաև նրա մայրը` իշխանուհի Վարվառա Մովսեսի Արղությանը, ով ծագումով Լոռվա Սանահին գյուղից էր: Նրա հեռավոր արմատները հասնում են Զաքարյան արքաներին: Նա պատվով մեծացրեց ու դաստիարակեց իր երեք ազնվազարմ հանճարեղ զավակներին:

1879 թ. փետրվարյան մի օր Թիֆլիսում տեղի ունեցավ Աբգար Օրբելու և իշխանուհի Վարվառա Արղությանի հարսանիքը: Հետագայում` ամուսնու մահից հետո, Վարվառա Մովսեսովնան երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի երեխաներին:

Աբգարը և Վարվառան երեք որդի ունեցան` երեք ապագա գիտնական, որոնց համբավը հայրենիքից շատ ու շատ հեռու տարածվեց: Ավագ եղբայրը` Ռուբենը, ԽՍՀՄ-ում հիդրոհնագիտության` ստորջրյա հնագիտության հիմնադիրը դարձավ, Լևոն Օրբելին` անվանի ֆիզիոլոգ և ակադեմիկոս դարձավ:

Հովսեփ Օրբելին միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիաներից մեկում, իսկ 1904 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրության և արևելագիտության ֆակուլտետը: Դեռ ուսանողության առաջին տարիներին նա հմտանում է հունարենի և լատիներենի ուսումնասիրման մեջ: Հետագայում Օրբելին սովորում է նաև պարսկերեն և քրդերեն, իսկ մանկուց հրաշալի տիրապետում էր հայերենին և վրացերենին: Նրա հավատամքն այն էր, որ բոլոր պատմական աղբյուրները պետք է ուսումնասիրել բնագրերով` իրենց իսկ լեզվով, ոչ թարգմանությամբ: Երբ հանձնեց համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի պետական քննությունները, հիացած դասախոսները Օրբելուն առաջարկեցին մնալ համալսարանում և պատրաստվել պրոֆեսորի կոչման: Սակայն նա մերժեց և թղթերը տվեց արևելյան լեզուների ֆակուլտետ` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու հայ-վրաց բանասիրությունը:

Հովսեփ Օրբելուն համալսարանում դասավանդում էին ժամանակի խոշորագույն գիտնականներ` Ժեբելյովը, Ռոստովցևը, Բարթոլդը, Սմիռնովը: Բայց նրա վրա, անկասկած, իր մեծագույն ազդեցությունն է թողել Նիկողայոս Մառը, որին Հովսեփ Օրբելին համարում էր իր առաջին ուսուցիչը:

1911 թ. ավարտելով համալսարանը` նա մնում է Պետերբուրգում և անցնում գիտական աշխատանքի: Դեռևս ուսանողության տարիներին Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ Ն.Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող պեղումներին: Նա այնքան նվաճեց Մառի վստահությունը, որ շուտով սկսեց ղեկավարել տեղում գոյացած թանգարանը: Երբեմն Մառի բացակայության ժամանակ հենց Օրբելին էր հանձն առնում պեղումների ղեկավարությունը:

Այս ընթացքում Օրբելին շարունակ ճամփորդում էր և անգամ Արցախի Խաչեն գավառում ինքնուրույն պեղումներ կատարեց: Հատկապես արդյունավետ եղան 1911 թ. Արևմտյան Հայաստանի Մոկս նահանգում նրա կատարած հնագիտական պեղումները, որտեղից նա արժեքավոր իրեր ու նյութեր հայթայթեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համար:

Իր վաստակի համար նա 1912 թ. ընտրվեց Ռուսական հնագիտական ընկերության անդամ, իսկ 1914 թ. արդեն քրդագիտություն էր դասավանդում Պետերբուրգի համալսարանում և շուտով ընտրվեց հայ-վրացական ամբիոնի դոցենտ: Դեռևս ուսանելու տարիներին նա հրատարակեց ավելի քան 20 գիտական աշխատություններ` նվիրված հնագիտությանը, արվեստին, բանասիրությանը:

Հովսեփ Օրբելու պեղումների պսակը, անշուշտ, 1916 թ. նրա ղեկավարությամբ Վանի պեղումներ են, որոնց արդյունքում հայտնաբերվեց Սարդուրի Բ արքայի տարեգրությունը պարունակող արձանագրությունը:

Առհասարակ Հայաստանում ընդարձակ է Օրբելու կատարած հնագիտական պեղումների աշխարհագրությունը. Անի, Շիրակավան, Բագարան, Մրեն, Մարմաշեն, Աշտարակ, Փարպի, Ամբերդ, Գառնի, Պտղնի, Ղիլիջան, Խաչեն, Գանձասար, Վան, Մոկս, Հայկաբերդ, Աղթամար, Թոփրակ -Կալե, Բագավան, Հին Բայագետ...

1920 թ. նա դարձավ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, Պետական հնագիտական խորհրդի անդամ, Ժողկոմխորհի թանգարանային գործերի կոլեգիայի գիտական քարտուղար, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիայի հրատարակչության վարիչ և, վերջապես, Պետական Էրմիտաժի աշխատակից, որտեղ անցան նրա կյանքի կարևորագույն 30 տարիները` 1920-1951 թթ., 1934-ից նա Էրմիտաժի տնօրենն էր: 1935 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, որի թղթակից-անդամ էր դեռևս 1924-ից: 1940 թ. նա ընտրվեց ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի իսկական անդամ:

Մեծ է Օրբելու ներդրումը Էրմիտաժի պահպանման, գտածոների ուսումնասիրման գործում: Հատկապես մեծ է նրա ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էրմիտաժի նյութական արժեքների պահպանման գործում:

Նա աշխատանքից ազատ ժամերին, թշնամու արկերի ռմբակոծությունների տակ դասախոսություններ էր կարդում խորհրդային զինվորների համար ռազմաճակատի առաջին գծում, անգամ` բլինդաժներում: Հետագայում` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, Օրբելին, հանդես գալով որպես վկա, ցնցող ելույթ ունեցավ: Նա մասնավորապես ասաց. «Ես երբեք հրետանաձիգ չեմ եղել: Բայց ելնելով այն բանից, որ Էրմիտաժի վրա ընկել է 30 արկ, իսկ նրա կողքին գտնվող կամրջին` ընդամենը մեկ, ես կարող եմ համոզված դատել, թե ինչին էր նշան բռնում ֆաշիզմը: Այդչափով էլ ես հրետանաձիգ եմ»:

Լենինգրադի բլոկադայի ճեղքումից հետո` 1942 թ., Հովսեփ Օրբելին եկավ Հայաստան: Դեռևս 1938-ից նա ԱՐՄՖԱՆ-ի` ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ էր ընտրվել և գիտության վաստակավոր գործչի կոչման արժանացել: 1943 թ. նոյեմբերի 29-ին, չնայած երկրում մոլեգնող պատերազմին, բացվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան, և Հովսեփ Օրբելին միաձայն ընտրվեց ակադեմիայի առաջին պրեզիդենտ: Նա միաժամանակ ղեկավարում էր ակադեմիայի պատմության ինստիտուտը: Դեռևս Լենինգրադում աշխատելու տարիներին նա առանձնակի հոգատարություն ուներ հայ ուսանողների ու ասպիրանտների նկատմամբ և փաստորեն կրթեց մի ամբողջ սերունդ: Օրբելու հոգատարությունը հայ ուսանողների հանդեպ ահավոր մեծ պահանջկոտությունն էր, անողոք քննադատությունն ու հայրական վերաբերմունքը:

1947 թ. Հովսեփ Օրբելին ՀԽՍՀ ԳԱ պրեզիդենտի պաշտոնը թողեց և վերադարձավ Լենինգրադ: Նրան ԳԱ պրեզիդենտի պաշտոնում փոխարինեց տեղակալը` այն ժամանակներում արդեն իսկ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Դեռևս տարիներ առաջ Վ.Համբարձումյանին նշանակելով իր տեղակալ` Հ.Օրբելին ՀԽՍՀ կառավարությունում ունեցած իր ելույթում մատնանշեց, որ Հայաստանի գիտության ապագան և առաջատարը ճշգրիտ գիտությունները պետք է լինեն, և այդ առումով ինքը հավատում և վստահում է Վիկտոր Համբարձումյանին:

1950-ական թթ. Հովսեփ Օրբելին ձեռնամուխ եղավ Թովմա Արծրունու, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի ռուսերեն թարգմանություններին:

Նա մի շարք արտասահմանյան երկրների ակադեմիաների պատվավոր անդամ էր, սակայն առանձնակի հպարտությամբ էր կրում Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչումը: Հիրավի, Օրբելին ժամանակի մեծագույն իրանագետներից էր:

Հովսեփ Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ 1934 թ. Ֆիրդուսու «Շահնամեի», 1938 թ.` Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» և 1939 թ.` «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարություններում: ԽՍՀՄ կառավարությունը երախտագետ գտնվեց. 1956 թ. նա երկրորդ անգամ պարգևատրվեց Լենինի շքանշանով: Մինչ այդ կառավարությունը Օրբելուն պարգևատրել էր Աշխատանքային կարմիր դրոշի երկու և մի քանի այլ մեդալներով:

1955-ից նա Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանն էր, ապա` Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչը: Իսկ 1956-ից մինչ իր մահը ղեկավարեց ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը:

Հովսեփ Օրբելին շատ ազգային մարդ էր. նրան երբեմն նաև մեղադրում էին ազգայնական հայացքների համար: Մի անգամ Գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ ակադեմիկոս Լիխաչևը իրեն թույլ է տալիս քամահրական արտահայտություն անել հայերի հասցեին: Զայրանալով` Հովսեփ Օրբելին աթոռը շպրտել է նրա վրա:

Երբ հաջորդ օրը Լիխաչևը մասնավոր նամակով ներողություն է հայցել` Օրբելին մերժել է ասելով, թե միջադեպը եղել է ակադեմիայի դռնբաց ժողովում և մասնավոր նամակով ներողությունն իրեն չի բավարարում: Լիխաչևն ստիպված էր ներողություն խնդրել ակադեմիայի նիստի ժամանակ:

Որքան խիստ ու պահանջկոտ էր աշխատանքում, նույնքան բարեհոգի ու անբռնազբոս էր աշխատանքից դուրս, հանգստի պահին: Բարի ու մեղմ սիրտ ուներ, միշտ առատաձեռնորեն աջակցում էր կարիքավորներին: Աշխատավարձի օրերին շատերն էին տան կամ ինստիտուտի ճանապարհին փող պարտք վերցնելու նպատակով կանգնեցնում: Չէր մերժում ոչ ոքի: Իսկ երբ փորձում էին վերադարձնել պարտքը, զայրանում էր. «Իսկ ես չեմ հիշում, թե ձեզ երբևէ որևէ բան եմ տվել...»:

Գիտեր ուրախանալ ընկերների, մտերիմների շրջապատում: 1940 թ. աշնանը Էրմիտաժում կազմակերպված մի միջոցառման ժամանակ աշխատակիցները որոշեցին թատրոն ցուցադրել: Բոլորի ծիծաղը հատկապես շարժվեց, երբ աշխատակիցներից մեկը ոսկորը ձեռքին խաղաց նախամարդու կերպարը.... Դահլիճում ծիծաղն ավելի ուժգին պայթեց, երբ այդ դերում տեսան տնօրենին...

Բռնկուն բնավորության պատճառով նրան Թայֆուն մականունն են տվել:

Հովսեփ Օրբելին չամուսնացավ: Նրա միակ սերը գիտնական-արևելագետ Կամիլա Վասիլևնա Տրևերն էր: Նրանք միմյանց սիրեցին ողջ կյանքում` հավատարմորեն, անթաքույց ու քնքուշ սիրով: Ափսոս, որ այդ սերն անպտուղ էր...

1960 թ. օգոստոսին Մոսկվայում կայացած Արևելագետների համաշխարհային 25-րդ խորհրդաժողովը վերջին մեծ գիտական միջոցառումն էր, որին մասնակցեց Հովսեփ Օրբելին:

Ժամանակին Օրբելին խնդիրներ էր ունեցել նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Էրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ է գրել Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը...»:

Մեծ հայորդին մահացավ 1961 թ. փետրվարի 2-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: