Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում կկառուցի գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր


  
դիտումներ: 2966

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայ մարզիկների համար հերթական անակնկալն է պատրաստել:

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր եւ գերժամանակակից մարզահամալիր: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձեւերի համար:

Այսօր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր տարբեր մարզաձեւերի մասնագետներին՝ լսելու նաեւ նրանց առաջարկները:

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50x25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական եւ մանկապատանեկան հավաքականների համար: Մարզաձեւերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով: Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ եւ լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաեւ մամուլի կենտրոն:

Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները եւ ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը:

Գերժամանակակից մարզահամալիրը հնարավորություն է ընձեռելու անցկացնել համատեղ հավաքներ այլ երկրների թիմերի հետ. կազմակերպել միջազգային մրցաշարեր: Օլիմպիական ավանը միաժամանակ կհյուրընկալի հարյուրավոր մարզիկների:

Բոլոր պայմանները կլինեն նաեւ մարզիկների լիարժեք հանգստի եւ ժամանցի համար՝ ընդարձակ այգիներ, կինոթատրոն, հանգստի սրահներ:

Ամբողջ մարզահամալիրը զբաղեցնելու է 3 հա տարածություն, իսկ կառուցման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձական միջոցներից կտրամադրի 25-30 միլիարդ դրամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: