Հայերեն   English   Русский  

Ազգային արխիվը նոր գրքեր կհրատարակի նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին


  
դիտումներ: 1631

Ազգային արխիվը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ծրագրեր կիրականացնի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով ՝ արխիվը երկու տիպի աշխատանքն է կատարելու՝ փաստաթղթերի հրապարակում և դրանց նվիրված ցուցահանդեսի կազմակերպում:

Կհրատարակվի 4 աշխատություն:

Ռուսերենով կհրատարակվի գիրք նվիրված Հայաստանի առաջին հանրապետության սպաներին: Լեզվի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր փաստաթղթերը ռուսերեն են: Բացի այդ, նպատակ կա տարածելու նաև այլ երկրներում: Այն կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Ժողովածուն կազմված կլինի շուրջ 2500-3000 փաստաթղթից:

«Կներառվեն այդ սպաների մասին եղած բոլոր փաստերը՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչև մահ, ընդ որում՝ նրանց մեծ մասին 1937 թվականին գնդակահարել են: Մի քանիսը, օրինակ, Հովհաննես Բաղրամյանը, փրկվել են»:

երկրորդ ժողովածուն «ՀՀ քաղաքական պատմություն»-ն է՝ ըստ փաստաթղթերի. նման մի ժողովածու 2001-ին է հրատարակվել՝ փոքր խմբաքանակով, հիմա լրամշակված տարբերակը կլինի, մեծ քանակությամբ նոր փաստաթղթեր են ձեռք բերվել, արդյունքում կստեղծվի մի ժողովածու, որտեղ ցանկացած հետազոտող իր հարցերի պատասխանը կգտնի: «Մենք չենք մեկնաբանելու, միայն ներկայացնելու ենք: Մեկնաբանությունը թողնելու ենք հետազոտողներին»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Երրորդ ժողովածուն կոչվում է «Կովկասյան ռազմաճակատ»: Ազգային արխիվն այն պատրաստում է ռուսաստանցի գործընկերների հետ: Այս տարի նաև 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակն է: Այն նշվելու է ամբողջ աշխարհում:Այն լույս է տեսնելու Մոսկվայում: շնորհանդեսը լինելու է և´ Մոսկվայում, և´ Երևանում, առաջին անգամ կլինեն փաստաթղթեր ռուսական, հայկական և վրացական արխիվներից(քանի որ Թբիլիսին այն ժամանակ տարածաշրջանի կենտրոնն էր):

Հրատարակվելիք չորրորդ ժողովածուն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Առաջին համաշխարհային պատերազմի և Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին»: Ազգային արխիվի տնօրենը շեշտեց՝ պետություն չունենալու պայմաններում եկեղեցին հսկայական դեր է կատարել:

«Հրատարակության շնորհիվ արդեն կարելիի է պարզել, թե այն ինչ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ Առաջին Հանրապետության տարիներին: Օրինակ, Գևորգ Սուրենյանցի մասին տարբեր կարծիքներ կան: Սակայն նա մեծ նշանակություն է ուենցել հերոսամարտերի ժամանակ, երբ հայտարարել է, որ չի լքի Էջմիածինը ոչ մի դեպքում: Նրան հորդորել են լքել Մայր Աթոռը և Սիլիկյանը, և Արամ Մանուկյանը, սակայն նա մնացել է՝ ասելով, որ եթե թուրքերը գրավեն Էջմիածինը, ինքը պատրաստ է զոհվել մայր տաճարի խորանի առջև: Նրա դիրք, համառությունը մեծ դեր ունեցան»,- ասաց Ամատունի Վիրաբյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: